Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Բայդենին

Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյանը շնորհակալական 
նամակ է հղել Բայդենին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին` վերջինիս կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը «Հայոց ցեղասպանություն» անվանելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետեւյալ նամակը. Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը. «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են։

Մեծարգո պարոն Բայդեն,

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Փաշինյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն անվանել է Հայոց ցեղասպանություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]