1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրաքում Հայոց ցեղասպանությունը ժողովրդական մակարդակով վաղուց է ճանաչվել. Դեսպան Փոլադյան

Իրաքում Հայոց ցեղասպանությունը ժողովրդական մակարդակով վաղուց է ճանաչվել. 
Դեսպան Փոլադյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատացած է, որ Իրաքում Հայոց ցեղասպանությունը ժողովրդական մակարդակով ճանաչվել է վաղուց, իսկ մնացածն արդեն քաղաքականություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ է հայտնել Ալ-Հալ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում.

-Որո՞նք են Իրաքում Հայոց ցեղասպանության ճանաչման Ձեր ձգտումները։

-Իրականում բարեկամ Իրաքի հետ հարաբերություններ կառուցելիս և այժմ զարգացնելու ընթացքում Իրաքի կողմից Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման նման ակնկալիք, խնդրանք կամ պահանջ չի հնչել։ Մենք երբեք նման նախապայման չենք դնում որևէ երկրի հետ քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Իրաքն այն երկիրն է, որտեղ հասարակության կամ ավելի ճիշտ ժողովրդական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ընդունվել է վաղուց։ Իրաքում դժվար գտնվի մեկը, որը կհերքի այս իրողությունը։ Ավելին ասեմ՝ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին նաև փրկել է Իրաքի ժողովուրդը՝ անկախ իրենց կրոնական պատկանելիությունից։ Մերձավոր Արևելքում իմ քառորդ դարից ավելի աշխատանքի ընթացքում հարյուրավոր պատմություններ եմ լսել Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլ արաբական երկրներում մեր հայորդիների՝ ցեղասպանությունից այս երկրների բնակիչների կողմից փրկվելու մասին։ Իրաքի առանձնահատկությունն այն է, որ մեզ համար առանձնակի ջանքեր չի պահանջվում ապացուցելու համար տեղի ունեցածը, համամարդկային ողբերգության փաստը։ Ավելին, Իրաքում այն ժողովրդական մակարդակով վաղուց ճանաչվել է։ Իսկ մնացածն արդեն քաղաքականություն է, որտեղ ցավոք սրտի գործում են երբեմն չոր քաղաքական հաշվարկները՝ հաճախ առանց բարոյական չափանիշների։ Առանձնակի զրույցներում ես հավաստիացել եմ, որ իրաքցի պաշտոնյաներն էլ ի վերջո քաջատեղյակ են իրական պատմությունից։ Հային և Հայաստանը իրաքցիները ճանաչում են բաբելոնյան ժամանակներից։

Այսօր 10-ից ավելի հայկական եկեղեցիներ են գործում այս երկրում, իրաքցիները միշտ հպարտությամբ են նշում, որ իրենք ունեն հազարավոր իրաքահայ քաղաքացիներ, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց երախտագիտության զգացումով, արհեստավարժությամբ և նվիրվածությամբ Իրաքի և իրաքցի ժողովրդի հանդեպ։ Այսօր մոտ 30 երկիր աշխարհում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այդ երկրների ցանկը ամեն տարի ավելանում է։ Ցեղասպանությունն ընդունելով՝ այդ երկրները ոչ են ասում նոր ցեղասպանություններին, որոնք ցավոք դեռևս շարունակվում են տեղի ունենալ աշխարհում, ինչպես դա տեղի ունեցավ օրինակ Իրաքի եզդիների հետ 2014թ.-ին՝ Սինջարում։ Ի դեպ, 20-րդ դարասկզբին ցեղասպանության են ենթարկվել նաև Օսմանյան կայսրությունում ապրող այլ ժողովուրդներ նույնպես․ հույները, ասորիները, եզդիները, մալոկան-ռուսները հարյուր հազարներով են սպանվել և տեղահան արվել։ Թուրքիայի իշխանությունները այսօր էլ փորձում են կասկածի տակ դնել այն և պահանջում են պատմաբանների միջոցով պարզել դրա իսկությունը։ Անձամբ ինձ համար պարզելու և հստակեցնելու ոչինչ չկա, թե ինչպես իմ պապիկները և տատիկները՝ որպես Սասունից, Վանից և Ուրֆայից փրկված որբեր, հայտնվեցին Սիրիայի անապատներում կամ Բակուբայի անգլիական որբանոցում, որոնք անգամ իրենց մեծ ծնողների անունները չէին հիշում։ Ցավոք, հերքելով ցեղասպանության իրողությունը ներկայիս Թուրքիայի իշխանությունները առնվազն չեն բացառում և չեն հրաժարվում ապագա ցեղասպանություններ կատարելուց։

-Ի՞նչ նախապատրաստություններ ունեք այս տարի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը։

-Ամեն տարի Հայաստանում, Արցախում և աշխարհով մեկ սփռված հայ համայնքները ինչպես միշտ հիշատակում են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված 1.5 միլիոն սրբադասված զոհերի հիշատակը։ Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, առկա է հուշարձանը, ուր ապրիլի 24-ին այցելում են հարյուր հազարավոր հայեր տեղի են ունենում հիշատակման արարողություններ ամբողջ աշխարհով մեկ։

-Կարո՞ղ է Իրաքի կողմից ցեղասպանության ճանաչումը ազդել Թուրքիայի հետ նրա հարաբերությունների վրա։

-Կարծում եմ այս հարցն ինձ չի ուղղված, այլ՝ Իրաքի իշխանություններին, ԱԺ անդամներին։ Կարող եմ միայն նշել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած տասնյակ երկրների շարքում են նաև Լիբանանը և Սիրիան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]