Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն առանցքային է. Փաշինյանը՝ Լարշեին

Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած 
բանաձևն առանցքային է. Փաշինյանը՝ Լարշեին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում: «Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Բարձր ենք գնահատում մեզ զորակցություն հայտնելու ֆրանսիացի ժողովրդի անկեղծ ձգտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը ոչ միայն վկայությունն է երկկողմ պատմական, մշակութային կապերի, այլև այն արժեքների, որոնք Հայաստանն ու Ֆրանսիան կիսում են: Վարչապետն ընդգծել է, որ խոսքն առաջին հերթին ժողովրդավարության մասին է:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ֆրանսիայի կարևոր դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում  և հիշեցրել, որ այս տարվա հունվարին լրացել է այդ երկրի կողմից Մեծ Եղեռնի ճանաչման 20-րդ տարին: Այս առումով վարչապետը կարևորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը, որով պաշտոնապես ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:  

Ժերար Լարշեն շնորհակալություն է  հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Սենատի խոշոր պատվիրակության Երևան ժամանելը վկայում է Հայաստանի նկատմամբ համերաշխության ու բարեկամության մասին: «Այստեղ ենք՝ մեր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: 20 տարի առաջ նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, ինչը վկայում է, որ մենք լիարժեք կիսում ենք հայ ժողովրդի ցավը»,- ասել է նա:   

Նիկոլ Փաշինյանը և Ժերար Լարշեն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այս համատեքստում, կառավարության ղեկավարն առանցքային է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սենատի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել բանաձևի ընդունմանը: «Երախտապարտ ենք 44-օրյա պատերազմի օրերին խաղաղության ձգտելու Ֆրանսիայի բոլոր քայլերի համար: «Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառումը տեսնում ենք որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ լուծում»,- շեշտել է վարչապետը: 

Սենատի նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ի ճանաչման բանաձևն իրենց համար ավելին է, քան փաստաթուղթը: Պարոն Լարշեի խոսքով՝ բանաձևում նշվածը միայն խոսքեր չեն. այնտեղ կան պահանջներ, ակնկալիքներ: «Փաստաթուղթը հանդիսանում է այն լծակը, որի միջոցով բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատման»,- ասել է Ժերար Լարշեն: Վերջինս կարևորել է պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև իրենց բնակավայրերից տեղահանվածներին մարդասիրական օգնության տրամադրումը և հավելել, որ այդ ուղղությամբ քայլերը լինելու են շարունակական: Սենատի նախագահն առանցքային է համարել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ապահովումը: Պարոն Լարշեն նշել է, որ տպավորված է Երևանի քաղաքապետարանում բացված «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի ցուցանմուշներով, որոնք, նրա խոսքով, հանդիսանում են հայկական ինքնության հիմքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության ակտիվացմանը վերաբերող հարցերի:

  

  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]