Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Միջազգային արդարադատությունը պետք է դատապարտի ցեղասպանության պատասխանատուներին. շվեյցարացի պատգամավոր

Միջազգային արդարադատությունը պետք է դատապարտի ցեղասպանության 
պատասխանատուներին. շվեյցարացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Դաշնային ժողովի Նահանգների խորհրդի (վերին պալատ) անդամ Սոմարուգա Կարլոն կարծում է, որ աշխարհը պետք է խիզախություն ունենա և բացարձակ առաջնահերթություն տա մարդկայնությանը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սոմարուգան նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

-Պարոն Սոմարուգա, Շվեյցարիայում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, երկրում մարդիկ ի՞նչ կարծիքներ ունեն հարցի վերաբերյալ:

-Շվեյցարիայի Ազգային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Նահանգների խորհուրդը և կառավարությունը դեռ պետք է ձեռնարկեն այս անհրաժեշտ քայլը: Շվեյցարիայի ժողովուրդը միշտ մեծ համերաշխություն է ցուցաբերել հայերի նկատմամբ: Համոզված եմ, որ Շվեյցարիայի ժողովրդի մեծամասնությունը ճանաչում է և հավանություն կտա Շվեյցարիայի կառավարության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչմանը:

 -Ըստ Ձեզ` ի՞նչն է խանգարում աշխարհի շատ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 -Սրանք առաջին հերթին աշխարհաքաղաքական քննարկումներ են: Մենք պետք է խիզախություն ունենանք դուրս գալ դրանց սահմաններից և բացարձակ առաջնահերթություն տալ մարդկությանը:

 -Հնարավոր համարու՞մ եք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ և ժխտողական քաղաքականությունը:

-Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, անկասկած, հնարավոր է: Բայց դա արագ չի լինի: Պետության և նրա քաղաքացիների կողմից պետական հանցագործությունների ճանաչումը պահանջում է ընդունել պատմության վերանայման գործընթաց, ընդունել կատարվածը և վերջապես ներողություն խնդրել: Որպեսզի դա տեղի ունենա, պետք է ստեղծվի նման գործընթացի հիմք, և պետք է լինի քաղաքական կամք`քայլ առ քայլ առաջ շարժվելու համար: Դա հնարավոր է միայն ժողովրդավարության շրջանակներում՝ հարգելով խոսքի ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները: Ներկայումս Թուրքիայում ակնհայտորեն դա չկա:

 - Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդը արդար հատուցման տեսանկյունից:

-Էական տարրը ցեղասպանության անվիճելի ճանաչումն է և, անկասկած, Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից ֆոնդի ստեղծումը`օգնելու զոհերի ժառանգներին, ովքեր այսօր կարիքի մեջ են, բայց առաջին հերթին վերականգնելու Թուրքիայում հայկական ժառանգության՝ մասնավորապես, նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները:

  -Ըստ Ձեզ՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ու ներողությունը բավարա՞ր են պատմական արդարությունը վերականգնելու համար:

-Ինձ նման ոչ հայ մարդու համար անհնար է պատասխանել այդ հարցին: Բայց մի բան հաստատ է. հայ ժողովրդի տառապանքների, ինչպես ցեղասպանություն ապրած մյուս ժողովուրդների և բնակչության ցավի ճանաչումը, պետք է կենդանի մնա և անընդհատ հիշեցնի ապագա սերունդներին:

-Ձեր կարծիքով, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, ո՞րը պետք է լինի առաջադեմ մարդկության հիմնական խնդիրը նման հանցագործությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման տեսանկյունից:

-Ցեղասպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդ արարածը կորցնում է իր մարդկայնությունը ուրիշի աչքում: Կրթությունը, տեղեկատվությունը կարևոր են անձանց և ժողովուրդների փոխըմբռնման համար, կանխում են այդ ապամարդկայնացումը: Բայց, իհարկե, անհրաժեշտ է դատապարտել և պայքարել ատելության խոսքի դեմ, և որ միջազգային և ազգային արդարադատությունը դատի և դատապարտի մարդկության դեմ գործած հանցագործությունների և ցեղասպանության պատասխանատուներին:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Աննա Գրիգորյան

 




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]