Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շվեդ քաղաքական գործիչը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շվեդ քաղաքական գործիչը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի Ձախ կուսակցության նախկին նախագահ Ուլլա Հոֆֆմանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն եւ դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ:

Ուլլա Հոֆֆմանը վերհիշել է նախկինում գործընկերոջ՝ շվեդահայ Մուրադ Արթինի հետ Հայաստան կատարած այցը: «Ես կանգնած էի այնտեղ, Մուրադ Արթինի կողքին, Ծիծեռնակաբերդում, Երեւանում, գեղեցիկ հուշարձանի մոտ՝ նվիրված 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին, եւ ես լսեցի այդ բոլոր մարդկանց ողբն ու բղավոցներն իմ մեջ: Աչքիս առաջ տեսա, թե ինչպես երկու միլիոն հայեր, պոնտացի հույներ, ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ եւ այլ քրիստոնյա խմբեր ենթարկվեցին երիտթուրքերի դաժան կոտորածներին, եւ թե ինչպես մի մասին հաջողվեց փախուստի դիմել: Ես ինձ երախտապարտ էի զգում Մուրադի կողքին լինելու համար, ում տատն ու պապը փախել էին Իրաք ու փրկվել ջարդից:

Կոտորածից արդեն ավելի քան 100 տարի է անցել, սակայն Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը եւ ժխտում է իր մասնակցությունը։ Դեռ ավելին, 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն, թուրքական ռեժիմը քրեական պատժի է ենթարկում յուրաքանչյուրի, ով խոսում է 1915 թվականին տեղի ունեցածի մասին»,- նշել է Հոֆֆմանը։

Նա հիշեցրել է, որ 11 տարի առաջ Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը եւ միաժամանակ, հորդորել կառավարությանը վարվել նմանապես։ «Սակայն դեռեւս դա տեղի չի ունեցել. ոչ նախկին աջակողմյան եւ ոչ էլ ներկայիս սոցիալ-դեմոկրատական կառավարությունը չեն ընդունել խորհրդարանի որոշումը: Ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն եւ դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Հայաստանը կարիք ունի ամեն հնարավոր աջակցության ընդդեմ  այսօր Թուրքիայում իշխող տոտալիտար եւ հակադեմոկրատական իշխանության:

Որպեսզի հնարավոր լինի կանխել այս ընթացքը՝ Շվեդիայի կառավարությունը պարտավոր է հաստատել խորհրդարանի որոշումը 1915թ․ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ եւ հայտնել Թուրքիային, որ խորհրդարանի որոշումը հաստատվել է:

Այժմ ժամանակն է, Ստեֆան Լյովե՛ն, որ Դուք եւ Ձեր կառավարությունը ընդունեք մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործությունը՝ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը, եւ դրա ճանաչումը մտցնեք Շվեդիայի արտաքին քաղաքականության օրակարգ»,- ասել է նա՝ կոչ անելով երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:             


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]