Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԼՂ հակամարտությունը վերջնական լուծված չի համարում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԼՂ հակամարտությունը վերջնական լուծված 
չի համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական լուծված չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը:

«Մինչ խաղաղության պայմանագրի մասին խոսելը պետք է արձանագրել մի պարզ իրողություն. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծված չէ: Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով: 2020 թվականի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի` Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնարար սկզբունքներից մեկը` ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքը: Գոյություն ունեն տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ և դրանց կոմպոնենտներ, որոնց վրա էլ պետք է հիմնվի հակամարտության կարգավորումը: Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ում վերջին համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «կողմերին լավ հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա»,- նշել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ալիևը ոչ միայն ժխտում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ իրողությունը, բայց նաև փորձում է ամեն կերպ խորացնել թշնամանքը երկու ժողովրդների միջև:

«Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարի պուրակ», ցնորական հայտարարություններ է անում Զանգեզուրի վերաբերյալ, ոչնչացնում է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում կցուցաբերի, ռացիոնալ քայլեր կձեռնարկի և պատրաստ կլինի կառուցողական երկխոսություն վարել, այն ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության պայմանագրի մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]