Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մինչև օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2000 անձ

Հայաստանում մինչև օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2000 անձ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր պատվաստվել է մոտ 2000 անձ (այդ թվում՝ նվիրաբերված Sputnik V-ով պատվաստվածները): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսել ենք լայնածավալ պատվաստման գործընթացը, այն մեկնարկել է և մարզերում, և Երևանում: Քաղաքացիներին, ինչպես մենք ենք հայտնում պատվաստման հնարավորության մասին, այնպես էլ իրենք են իրենց նախաձեռնությամբ զանգահարում, գրանցվում և ներկայանում պոլիկլինիկա, ամբուլատորիա ու ստանում իրենց պատվաստումը»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2-3 ամիս առաջ պատվաստանյութերի առնչությամբ ապատեղեկատվության շատ մեծ ալիք է եղել, սակայն, նախարարությունից նկատել են, որ վերաբերմունքի որոշակի փոփոխություն կա: «Մարդիկ տեսնում են, որ պատվաստումներն ընթանում են նորմալ հունով, մարդիկ պատվաստվում են՝ առանց որևէ կողմնակի երևույթների: Մինչև այս պահը Հայաստանում արվել է մոտ 2000 պատվաստում»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ մինչև այժմ որևէ մեկի մոտ որևէ խնդիր ի հայտ չի եկել, բոլորն իրենց լավ են զգում: Պատվաստումից հետո բժիշկները կապի մեջ են լինում այդ անձանց հետ: Պատվաստվածները հսկողության տակ են, և կսպասեն հաջորդ դեղաչափի ստացմանը: Նախարարը վստահ է, որ ամեն ինչ այսպես էլ շարունակելու է ընթանալ:

Նախարարությունն առաջիկայում ակտիվ ձևով շարունակելու է քաղաքացիներին տեղեկացնել պատվաստումների մասին, տալ սպառիչ պատասխաններ, փարատել եղած կասկածները, ներկայացնել հստակ տեղեկատվություն, ռիսկերը:

Ավանեսյանը շեշտեց պատվաստումների կարևորությունը՝ հիշեցնելով, որ օրական 15-20 մահ է գրանցվում կորոնավիրուսից: «Պետք է այս իրավիճակից լուծում գտնվի, և դրա միակ լուծումն այս պահին պատվաստումն է, որը 100 տոկոսով կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահվան ելքերը: Ուստի կարևոր է ռիսկերը ճիշտ գնահատել և վստահել մասնագետներին, լսել բուժաշխատողներին և պատվաստվել»,-ասաց նա:

Հայաստանում, նախարարի խոսքով, ռիսկի խմբի անձինք միանշանակ ավելի հակված են պատվաստվելուն: «Իրենք շատ ավելի լավ են հասկանում, թե հիվանդանալու արդյունքում ինչ բարդություններ կարող են ի հայտ գալ: Կորոնավիրուսն անգամ հաղթահարելու պարագայում այն բավականին լուրջ հետևանքներ է թողնում մարդու առողջության վրա: Մենք նկատում ենք և սրտանոթային, և հոգեկան, և այլ պաթոլոգիաների հստակ աճ, որի պատճառներից մեկը կորոնավիրուսն է»,-ասաց Ավանեսյանը:

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Պատվաստումներն իրականացվում են «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերով: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ, պատվաստում իրականացվում է միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար: AstraZeneca-ով պատվաստվում են ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 (ներառյալ ) տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր: Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում այս պահին սահմանվել են հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 54 տարեկան:

Ավելի վաղ Ռուսաստանը Հայաստանին նվիրաբերել էր «Sputnik V»-ի խմբաքանակ, և դրանով հիմնականում պատվաստվել են բուժաշխատողները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]