Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմությունը նորովի շարադրելու փորձերը կհանգեցնեն նոր հանցանքների. Բունդեսթագի թուրք պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

Պատմությունը նորովի շարադրելու փորձերը կհանգեցնեն նոր հանցանքների. 
Բունդեսթագի թուրք պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք  պատգամավոր Սևիմ Դաղդելենը Հայոց ցեղասպանության տարելիցին կարևոր է համարում ոչ միայն հիշել զոհերի հիշատակը, այլև գտնել նրանց ջնջված անունները, նրանց թողած մշակութային ժառանգությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հիշողություն, յուրաքանչյուր մասունք, որը վկայակոչում է այդ մարդկանց, վկայությունն է այդ տարածքներում նրանց ապրելու: Այս մասին Դաղդելենը խոսել է «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:

«Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Արդեն ավելի քան հարյուր տարի է, ինչ Ստամբուլից արտաքսվեցին հայ քաղաքական գործիչներն ու մտավորականները և Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը սկսեց իր վայրագությունները:

Մենք ոգեկոչում ենք այդ ոճրագործությանը զոհ դարձած 1,5 մլն մարդկանց հիշատակը, խոնարհվում և լուռ սգում: Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակման հետ մեկտեղ խոսքը գնում է նաև կորածների հիշատակը վերագտնելու մասին: Այս հիշողությունը ծանր է, քանզի ի սկզբանե ամեն ինչ արվել էր, որպեսզի այս աննկարագրելի արարքը, դաժան հանցագործությունը մոռացության մատնվի»,- նշել է Գերմանիայի Բունդեսթագի Ձախեր խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակը:

Նա հիշել է, թե որքան բարդ էր Բունդեսթագի համար 2016թ. Հայոց ցեղասպանությունը վերջապես ճանաչելը: «Եվ նույնիսկ հիմա մենք Գերմանիայի Բունդեսթագում որևէ կերպ չենք բարձրաձայնում այնպիսի համարձակ պատգամավորների մասին, ինչպիսին էր Կարլ Լիբկնեխտը, որը Ռայխսթագի միակ պատգամավորն էր, որ 1914թ. դեմ քվեարկեց Առաջին համաշխարհային պատերազմին: Նա նաև միակ պատգամավորն էր, ով հիշատակում էր հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործող Օսմանյան հրամանատարներին և նրանց աջակցող իմպերիալիստական Գերմանական Կայսրությանը:

Մինչ օրս շարունակվում են փորձերը, օրինակ, ծախված քաղաքականության միջոցով, Ադրբեջանի հետ կապերով, պատմական հարցերում ճնշում գործադրելու կամ փորձելու պատմությունը նորովի շարադրել՝ գնալով նոր հանցանքների: Մենք չպետք է դա թույլ տանք: Նաև հենց այս պատճառով է կարևոր հիշողության պահպանումը մեր օրերում ևս»,- ասել է Դաղդելենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]