Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկել է Շատջրեքի դպրոցական նոր շենքի կառուցումը  

Մեկնարկել է Շատջրեքի դպրոցական նոր շենքի կառուցումը

 

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում տրվեց դպրոցական նոր շենքի կառուցման մեկնարկը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Գրիգորյան շին» ՍՊԸ աշխղեկ Ահարոն Միլիտոնյանը, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է  560 միլիոն 635 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 16 ամսվա ընթացքում։ Նոր դպրոցը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ «Շինարարությունը նախատեսված էր սկսել 2020 թվականի աշնանը, սակայն համավարակը, ինչպես նաեւ սկսված պատերազմը խանգարեցին  դրան։ Այնուհետև փոփոխություն մտցվեց նախագծում՝ կապված ապաստարանի կառուցման հետ։ Հիմա արդեն կարգավորված են բոլոր խնդիրները, շինարարությունը սկսված է։ Կձգտենք այնպես անել, որ մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը շինաշխատանքներն ավարտենք մոտ 80 տոկոսի չափով»,- աշխատանքների ընթացքը ներկայացրեց Ահարոն Միլիտոնյանը։      

Նոր դպրոցի կառուցումը խանդավառել է Շատջրեքի դպրոցի տնօրինությանը, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին։  «Մենք շատ երկար ժամանակ ենք սպասել այս երջանիկ պահին: Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող դպրոցը կունենա 9 դասասենյակ, 1 լաբորատորիա, ընթերցասրահ, գրապահոց, հանդիսությունների դահլիճ, ճաշասրահ, բուժսպասարկման կենտրոն, ուսուցիչների աշխատանքային խորհրդակցությունների եւ հանգստի սենյակներ: Ներկայումս դպրոցում գործում են ինը 1-12-րդ դասարաններ՝ 73 աշակերտներով, որոնց դասավանդում են 19 մանկավարժներ: Ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններն  ամուր հիմք  կստեղծեն՝ խոր եւ կայուն գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ ձեռք բերելու համար: Կառուցելով դպրոց՝ մենք կառուցում ենք բանակ, կառուցում ենք վանք ու եկեղեցի, կառուցում ենք տնտեսություն եւ հզորացնում ենք մեր պետությունն ու հայրենիքը: Սահմանամերձ այս համայնքում դպրոցական նոր շենքի կառուցումը  նոր հույս ու հավատ է տալիս մարդկանց, որ նրանք ավելի ամուր կապվեն իրենց հայրենի եզերքին»,- նշեց Շատջրեքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Պատվականյանը։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]