1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ գերիներն անհապաղ պետք է վերադարձվեն. ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությունը

Հայ գերիներն անհապաղ պետք է վերադարձվեն. ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ Արցախի պատերազմում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել և կոչ է արել Ադրբեջանին՝ ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային ժողովը հրապարակել է կոմիտեի՝ ապրիլի 22-ին ընդունած հայտարարությունը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած ռազմական գործողությունները եւ զարգացումները 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո Եվրոպայի խորհրդի համար մեծ նշանակություն ունեն, եւ մշտադիտարկման կոմիտեն սերտորեն հետեւել է դրանց: Համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությամբ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ անկախ փորձագետների: Հայաստանի եւ Ադրբեջանի համազեկուցողները պարբերաբար համատեղ հայտարարություններով հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»,-ասված է հայտարարությունում:

Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների խորհրդարանները կարող են եւ պետք է կարեւոր դեր ունենան փոխվստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի եւ խաղաղ բանակցությունների վերականգնման գործում: Ուստի, կոմիտեն ողջունել է այն առաջընթացը, որ արվել է եռակողմ հայտարարության իրականացմամբ: «Սակայն կոմիտեն նաև իր մտահոգությունն է հայտնում այն զեկույցների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, կոմիտեն կարծում է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը եւ հաղորդակցությունը, որը նպատակ ունի ականազերծելու նշյալ տարածքները խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,-ասված է հայտարարությունում:

Կոմիտեն վերստին նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: «Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել պահվող բոլոր հայ գերիների՝ առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-նշված է հայտարարությունում:

Կոմիտեն կարծում է, որ անկախ միջազգային առաքելության ստեղծումը պատասխանատու կլինի քննելու հակամարտությունը եւ միջազգային իրավունքի ոտնահարումները վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ինչն անչափ կարեւոր է հաշտեցման եւ իրապես խաղաղության հաստատման համար: Մշակութային ժառանգությունը կարեւոր է հակամարտության բոլոր կողմերի համար, եւ անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը դրա պաշտպանությունը եւ վերափոխումը ապահովելու գործում առաջնահերթություն է: Ուստի, կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջեւ եղած հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:

«Ի վերջո, կոմիտեն կոչ է անում երկու կողմերին կառուցողաբար ներգրավվել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում այն տեսանկյունից, որ ամբողջությամբ իրականացվի եռակողմ հայտարարությունը, եւ սկսեն խաղաղ բանակցությունները»,-ասված է հայտարարությունում:

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը ապրիլի 20-ին քննարկվել էր նաև ԵԽԽՎ լիագումար նիստում:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]