Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Մայիս

Երկնքում կդիտվի լիրիդների ասուպային հոսք

Երկնքում կդիտվի լիրիդների ասուպային հոսք

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 22-23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

«Ասուպային հոսքն այսպես է կոչվում «Քնար» (Lyra) համաստեղության անունով։ Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թեթչերի գիսավորն է, որը հայտնաբերվել է 1861թ-ի ապրիլին սիրող աստղագետ Ա․ Թեթչերի կողմից։ Ի տարբերություն Պերսեիդների ասուպային հոսքի՝ Լիրիդների ասուպային հոսքն այդքան էլ առատ չէ։ Մեկ ժամում կարելի է տեսնել 10-20 ասուպ, սակայն դրանց մեծ մասը շարժվում է շատ մեծ արագությամբ` անցնելով Երկրի մթնոլորտով միջինում 48կմ/վ արագությամբ։ Լիրիդների միայն քառորդ մասն է երկնքում թողնում հետքեր։

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»»,- ասված է հաղորդագրության մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ