Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային անվտանգության առաջին ազգային արշավը

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային 
անվտանգության առաջին ազգային արշավը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն սկսել է  «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ազգային հաղորդակցման արշավը՝ ճանապարհային վթարները նվազեցնելու, անվտանգության բարձրացման և Հայաստանի ճանապարհներին մարդկային կյանքեր փրկելու նպատակով։ Արշավն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, եռամսյա համապետական արշավի նպատակն է կանխել երկրում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների աճը: Ըստ Հայաստանի ճանապարհային ոստիկանության տվյալների, վերջին 10 տարիներին Հայաստանում  ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվն աճել է. եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թվականին այն հասել է 348-ի:

Ըստ աղբյուրի՝ արշավը «Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որի նպատակն է հանրապետության երթևեկության կարգավորումը, ենթակառուցվածքների բարելավումը հետիոտնային նոր անցումներով, ճանապարհային գծանշումներով և ճանապարհային նշաններով: Այս միջոցառումները համահունչ են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հետ, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում նշել է․«Մեր խնդիրն է կանխել ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքները, նվազեցնել ռիսկերը՝ պաշտպանելով երթևեկության մասնակիցներին ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ՝ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում, տեղեկատվական արշավներ և այլն։ ՀՀ կառավարությունը վերանայում է իր ճանապարհային անվտանգության քաղաքականությունը՝ կենտրոնանալով մահերի և լուրջ վնասվածքների կանխարգելման վրա. մասնավորապես‚ «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) ճանապարհային անվտանգության նոր ռազմավարությունը 2021-2040թթ. համար կընդունվի մոտ ապագայում։ Ճանապարհային անվտանգության բարելավման նպատակին է միտված նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը, որը‚ համոզված եմ, մեծապես կնպաստի Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը»։

ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Ն.Գ. Անդրեա Վիկտորինն ասել է. «Ներկայում ճանապարհների անվտանգության չափանիշների անբավարար կիրառման պատճառով Հայաստանի ճանապարհներին չափազանց շատ մարդկային կորուստներ են արձանագրվում: Արշավը վերաբերում է այս իրավիճակին, և դրա հիմնական նպատակն է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Մեր հիմնական նպատակն է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում ներդնել ԵՄ ճանապարհային անվտանգության ստանդարտները՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ»։

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լիլյանա Պավլովան, ով ԵՆԲ-ի ճանապարհային հերոսն է, ճանապարհային անվտանգության ազգային արշավի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում ասել է. «Եվրոպական ներդրումային բանկի համար առաջնահերթ խնդիր է ներդրումներ կատարել առավել անվտանգ ճանապարհներ կառուցելու համար: Բայց անվտանգ ճանապարհներ կառուցելը բավարար չէ: Յուրաքանչյուր ավտովթարի դեպքում, երբ ինչ-որ մեկը մահանում կամ ծանր վիրավորվում է‚ ողբերգություն է: Իսկ Հայաստանում այդ ողբերգությունների թիվը տարեցտարի ավելանում է: Հետևաբար մենք պետք է կրթենք և համոզենք մարդկանց փոխել իրենց վերաբերմունքն ու վարքը երթևեկելիս»:

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան ընդգծել է. «Եվրոպական ներդրումային բանկը պարտավորվում է աջակցել Եվրամիության Արևելյան հարևանության բնակիչներին: Ճանապարհային անվտանգության այս նախագիծը հիանալի օրինակ է, թե ինչպես համատեղ աշխատելով` կկարողանանք փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում»:

ՀՀ ՏԿԵ նախարարությունից նաև հայտնում են, որ արշավը կնպաստի ճանապարհներին վարորդների և հետիոտնի պատասխանատու վարքագծի ձևավորմանը, երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքին և ազդանշանային համակարգի բարելավմանը՝ որպես կյանքեր փրկելու և խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոց:

««Անվտանգությունը ձեր գործողություններում է» արշավը նաև կիրականացնի ճանապարհային անվտանգության ժամ Հայաստանի բոլոր դպրոցներում, կօգտագործի հեռուստաեթերը, սոցիալական մեդիան, ռադիոն և արտաքին հաղորդակցության միջոցները, ինչպես նաև հեռուստալրատվական հաղորդումները: Կիրականացվի նաև ճանապարհային անվտանգության կրթությանը խթանող առցանց վեբինար, որը նման ձևաչափով Հայաստանում կիրառվում է առաջին անգամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հանդիսանում է իր անդամ պետություններին պատկանող Եվրամիության (ԵՄ) երկարաժամկետ վարկային ինստիտուտը: Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում, որպեսզի նպաստի ԵՄ քաղաքականության նպատակների իրականացմանն ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրանից դուրս:

ԵՄ բանկն աջակցում է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը 2007 թվականից մինչ օրս՝ տեղական տնտեսությանը տրամադրելով մոտ 415 միլիոն եվրո: ԵՄ բանկի գործունեությունը երկրում աջակցել է հիմնական տրանսպորտային ծրագրերին (174 միլիոն եվրո), միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալներին (166 միլիոն եվրո), ջրմուղկոյուղուն (37 միլիոն եվրո), էներգետիկայի ոլորտին (15 միլիոն եվրո), ծառայությունների ոլորտին (12 միլիոն եվրո) և թափոնների կառավարմանը (10 միլիոն եվրո):

ԵՆԲ-ը ֆինանսավորում է Հայաստանում ԵՄ արտաքին վարկավորման մանդատի (ELM) շրջանակներում նախագծեր: Վարջինս տրամադրվում է ԵՄ բյուջեի կողմից` սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների, տեղական մասնավոր հատվածի զարգացման և կլիմայի գործողությունների ոլորտներում իրականացվող ծրագրերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]