Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում բացվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ցուցահանդեսը

Երևանում բացվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների 
հետքերով» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ապրիլի 21-ին հանդիսավորությամբ բացվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների, այդ թվում նաև թանգարանի աշխատակիցների ընտանիքների պատմություն: Պատմությունները, որոնք շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ, ուղեկցվում են թանգարանի ֆոնդերում պահվող բնօրինակ բացառիկ իրերով՝ լուսանկարներով, փաստաթղթերով, ընտանեկան մասունքներով և այլ նյութերով: Ներկայացվում են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ արդեն երրորդ-չորրորդ սերունդն է և շատ բան մոռացվել է և այժմ փորձ է արվել ներկայացնել երեք տասնյակ ընտանիքների մեզ հասած պատմությունները:

«Այդ պատմությունները մեզ հասել են և՛ Հայաստանից, և՛ այլ երկրներից: Սա կարելի է ասել, որ առաջին թանգարանային ցուցադրությունն է, որ այսքան մեծ ծավալով ներկայացվում է ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների պատմությունները: Հույս ունեմ, որ այս մոտեցումը կունենա իր շարունակությունը: Նոր սերունդը, որպեսզի հասկանա, թե ինչ է եղել 100 տարի առաջ, դա պետք է անի ցեղասպանությունը վերապրածների ճակատագրին ծանոթանալով»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարություն Մարությանը:

Ցուցադրությանը ներկա էին ԱՄՆ-ից, Կիպրոսից, Արգենտինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած, ինչպես նաև Հայաստանում հաստատված վերապրողների ժառանգները, ովքեր անձամբ ներկայացնում էին իրենց ընտանիքի անցած դժվարին ուղին: Ցուցադրության հեղինակ Սեդա Պարսամյանի խոսքով, այդ ընտանիքները թանգարանի հիմնադրումից առ այսօր կիսվել են իրենց ծանր պատմություններով, վստահել և ի պահ են հանձնել ընտանեկան մասունքները՝ փաստաթղթեր, ձեռագիր, հուշեր, լուսանկարներ և այլն:

«Սրանք եզակի վկայություններ են ավելի քան մեկ դար հեռավորությունից ուրվագծելու համար այն պատմական իրադարձությունները որոնք նախորդեցին, ուղղորդեցին և հաջորդեցին Հայոց ցեղասպանությանը: Այս ցուցադրության ընտանիքների պատմությունները ներկայացնում են Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքն իր բոլոր դրսևորումներով և ծանր հետևանքներով: Այդ պատմությունները միևնույն ժամանակ բացահայտում են նաև Հայոց ցեղասպանության ամբողջ ողբերգությունն անհատի մակարդակով»,-ասաց Սեդա Պարսամյանը: Վերապրած ընտանիքներից որոշները հասարակ քաղաքացիներ էին, որոշներն իրենց գործունեությամբ, մասնագիտական հմտություններով լուրջ ներդրում էին ունեցել Օսմանյան կայսրության զարգացման գործում: Նրանց բոլորի ճակատագրերը միահյուսվեցին մեկ ընդհանուր ողբերգությամբ՝ Հայոց ցեղասպանությամբ: Այն քիչ թվով մարդիկ, որոնք կարողացան վերապրել այս արհավիրքը, տեղահանվեցին իրենց հայրենիքից, բնօրրանից, սփռվեցին աշխարհով մեկ և նոր կյանքի հիմք դրեցին օտար ափերում: Որոշ դեպքերում մեծ գերդաստաններից կարողացել են փրկվել մեկ կամ երկու հոգի, որոնք սակայն, հաղթահարելով արհավիրքը, իրենց վերագտան և շարունակողը դարձան բնաջնջված գերդաստանի:

Ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի ունեցավ ներկայացվող ընտանիքներից մեկի՝ մալաթիացի Թևեքելյան ընտանիքի պատմությանը նվիրված գրքի շնորհանդեսը: Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]