Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երբ բժիշկն է Սադայելն ինքը… Մահվան սերմնացանը մահվամբ կհատուցի

Երբ բժիշկն է Սադայելն ինքը… Մահվան սերմնացանը մահվամբ կհատուցի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետք է գործել արագ եւ վճռականորեն։ Հայերը վտանգավոր են՝ ինչպես թարախակույտը։ Սկզբում այդ թունավոր վերքը կարող է թվալ բուժելի, սակայն եթե հմուտ բժիշկը ժամանակին չմիջամտի, այն կարող է մահվան հասցնել։ Եթե մենք բավարարվենք տեղական ջարդերով, ինչպիսին էին 1909 թվականի Ադանայի ջարդերը, մենք միայն կփչացնենք գործը, քանի որ կասկածներ կհարուցենք նրանց մոտ, ում պետք է ոչնչացնենք ավելի ուշ։ Ես ի նկատի ունեմ արաբներին ու քրդերին։ Դուրս է գալիս, որ վտանգը եռապատկվում է, ծրագիրն իրականացնելը՝ բարդանում։ Անհրաժեշտ է ամբողջությամբ կոտորել հայ ազգին՝ մեր հողի վրա չթողնելով ոչ մի ողջ մնացած հայի։ Նույնիսկ «հայ» բառը պետք է ջնջվի մեր հիշողությունից։ Պատերազմը մեզ հիանալի հնարավորություն է տվել, մենք չպետք է վախենանք մեծ երկրների միջամտությունից եւ ոչ էլ միջազգային մամուլի բողոքներից։ Նրանք չեն հասցնի տեղից շարժվել, երբ ամեն ինչ կատարված եւ ավարտված կլինի։ Կոտորածը պետք է կրի համընդհանուր բնույթ, եւ ոչ մի հայ ողջ չի մնալու»։

Նազիմ բեյ

Նազիմ բեյը չէր սխալվում. մեծ երկրներն ու միջազգային մամուլն զբաղված էին ավելի «կարեւոր» գործերով, ինչպես հիմա. նրանց երբեւէ չի հուզել ու հետաքրքրել մարդկային կյանքը, միլիոնավոր մարդկանց մորթը՝ ո՛չ 1915 թվականից առաջ, ո՛չ 1915 թվականին, ո՛չ էլ դրանից հետո՝ մինչեւ օրս. միջազգային մամուլն ու մեծ երկրներն առավել սիրում են զբաղվել մանր խնդիրներով, ինչպես, ասենք, երկրագնդի որեւէ անկյունում որեւէ շան կյանքն ու նրա ֆիրմային սնունդը, ծնողի դաստիարակչական ապտակը սեփական երեխային, ինչ-որ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու որեւէ քվեաթերթիկի վավեր կամ անվավեր լինելը եւ նման բաներ… Որոշ հարցերում, սակայն, Սալոնիկում ծնված թուրք քաղաքական գործիչը, բժիշկը, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարն ու գաղափարախոսն այնքան էլ ճշգրիտ կախատեսում չէր արել, քանզի, չնայած հայերի հանդեպ կիրառված ողջ բարբարոսական գործողություններին, այնուամենայնիվ, չհաջողվեց բնաջնջել բոլոր հայերին, ինչը  մնաց նրանց իդեա-ֆիքսը ու մինչեւ օրս էլ քունուդադար չի տալիս թուրք-ազերիներին։

Կաբալիստական դյոնմեհ աղանդավորական ընտանիքում ծնված թուրքն ամենեւին կապ չուներ ո՛չ հունական կրոնափիլիսոփայական ուղղության եւ ո՛չ էլ, առհասարակ, հունական մշակույթի հետ. նրա կուսակցական «առաջադիմական» գաղափարներն ու բժշկի կոչումը ողջ կոմպլեքսով ծառայում էին մարդատյացությանն ու մարդասպանությանը։ Ռազմաբժշկական ակադեմիան ավարտած հիվանդանոցի տնօրենն այնուհետեւ միացավ երիտթուրքերի շարժմանը եւ, որպես թուրք ազգայնամոլ, շուրջ 11 ամիս անցկացրեց Աթենքի բանտում, այն բանից հետո, երբ 1912 թվականին` Բալկանյան պատերազմի ժամանակ, հույները գրավեցին Սալոնիկը։ Բանտից դուրս գալուց հետո նրա ազգայնամոլությունն առավել մոլեռանդորեն դրսեւորվեց Օսմանյան կայսրությունում ապրող այլազգիներին բռնի թյուրքացնելու, արտաքսելու եւ բնաջնջելու հարցերում, մասնավորապես՝ հայերի ցեղասպանության կազմակերպում, Անատոլիայից հույների տեղահանում։ Նա հատուկ կազմակերպության՝ զինված ուժերի ստորաբաժանման անդամ էր, որի նպատակներն էին Հայոց ցեղասպանության կազմակերպումը, արաբական ազգայնամոլության եւ անջատողականության ճնշումը, Օսմանյան կայսրության սահմաններում արեւմտյան իմպերիալիզմի ազդեցության վերացումը։ Հատուկ կազմակերպությունում ներգրավված էր մոտ 34 000 անդամ. զգալիորեն կազմված էր «չեթեսներից»՝ բանտերից ազատված հանցագործներից, որոնք անմիջականորեն ենթարկվում էին Թալեաթին։

Կոչումով բժիշկն ու «Իթթիհադի» կենտրոնական կոմիտեի ազդեցիկ անդամը հայտարարում էր, թե իր կրոնը Թուրանն է եւ արդեն 1915 թվականի փետրվարին՝ Երիտթուրքերի կառավարության նիստերից մեկում, հիստերիկ ելույթներ էր ունենում այլազգիներին բնաջնջելու մասին, որոնց մեջ առաջին տեղում հայերն էին։ Հայերը նրանց համար ամենամեծ խոչընդոտն էին իրենց ոճրագործ ու արյունալի ծրագրերն իրականացնելու ճանապարհին, եւ նրանց բնաջնջելուց հետո ավելի դյուրին էր թվում մյուսների «հախից գալը»։ Եվ նրանց հաջողվեց աշխարհի աչքի առջեւ կոտորել ու աքսորել, թյուրքացնել միլիոնների, իսկ հետո աշխարհը որոշեց թափ տալ նրանց` այդ ոճիրներից սեփական շահը հետապնդելու նպատակով, ինչպես որ այսօր` արցախյան պատերազմի օրերին, բավարարվեցին երկուստեք «խելոքանալու» հայտարարություններ անելով, որպեսզի դրանից հետո իրենց համար ջոկեն «չարն ու բարին»։

Այսօր Ալիեւն ինքն է ողջ աշխարհի առջեւ ի ցույց դրել սեփական ռազմավարը՝ տառապյալ գերիների մոմե արձաններով, այսօր «հաղթանակած» Ալիեւին այցելում են քաղաքական «եղբայրներն» ու «բարեկամները», եւ դրանցից ոչ ոք ոչ միայն չի թքում նրա երեսին, այլեւ խրախուսում են նրա նողկալի «քաջագործությունները», բայց վաղ թե ուշ աշխարհի շահն էլ կտատանվի նյութական կշեռքի վրա, եւ Ալիեւն ու Էրդողանն էլ կարժանանան 1915 թվականի եղեռնագործության հեղինակների՝ իրենց հայրերի ու պապերի անկարեկից ճակատագրին, կփորձեն փախչել երկրից, ինչպես որ ժամանակին՝ նրանցից շատերը, այդ թվում եւ Նազիմ բեյը՝ ապաստան գտնելու գերմանիաներում, հետո «կկարոտեն» ու կփորձեն վերադառնալ, եւ հարազատ իշխանությունները, ինչպես որ այն ժամանակ, ինչպես Նազիմ բեյին, սեփական ձեռքով կգնդակահարեն սեփական «հերոսներին». ոչ մի կաթիլ արյուն հենց այնպես չի կորչում, եւ ամեն բան, ի վերջո, իր հատուցումն ունի. այդպես եւ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո թուրքական իշխանությունների մահապատժից խուսափելու համար Գերմանիա փախած Նազիմ բեյը 1920 թվականին «կարոտակեզ» վերադարձավ Թուրքիա եւ սկսեց պայքարել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ եւ հենց նրա դեմ կազմակերպված մահափորձի կասկածանքով 1926 թվականի օգոստոսի 26-ին ենթարկվեց մահապատժի. նա գնաց իրեն այնքան հարազատ ու սիրելի մահվան գիրկը, այնտեղ, ուր ուղարկել էր միլիոնների…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]