Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսլամական «ինտերնացիոնալիզմի» հերթական դրսեւորումները

Իսլամական «ինտերնացիոնալիզմի» հերթական դրսեւորումները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի սկզբին Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Ստամբուլում հանդիպել է Կոստանդնուպոլսի եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ եւ վերջինիս հրավիրել այցելելու Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի մզկիթներ եւ եկեղեցիներ: Եվ չնայած հայտնի չէ՝ արդյոք պատրիարքը կընդունի՞ այդ առաջարկը, թե՞ ոչ, միանգամից նշենք, որ այս դեպքում կարեւոր է ոչ այնքան հրավերի ընդունումը, որքան հրավերի փաստն ինքնին: Ի վերջո, Փաշազադեն ոչ ոքի չի կարող հրավիրել Արցախ, ավելին՝ հյուրին ցույց տալ իրենց իսկ կողմից ռմբակոծված, կողոպտված ու թալանված քրիստոնեական արժեքները, չի կարող ասել, որ այն, ինչն առայժմ պահպանված է, պահպանված է միայն այն բանի շնորհիվ, որ այդ տարածքներում տեղակայված են ռուս խաղաղապահները…

Վերադառնալով թեմային՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Կոստանդնուպոլսի պատրիարքի՝ ստամբուլյան Ֆանարի շրջանում գտնվող նստավայրում կայացած զրույցի ընթացքում Ալլահշուքյուր Փաշազադեն վստահեցրել է, որ «միշտ խաղաղության կոչ է արել», որ «Ադրբեջանը, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչներն ապրում են որպես ընկերներ ու եղբայրներ, խաղաղության կողմնակից է ողջ աշխարհում»: Այս ցնդաբանություններին, որոնք ընդամենը պարուրված են զոհին թմրեցնելու թուրքական մոլուցքով, չէինք անդրադառնա, եթե դրանք տարածաշրջանում հեռուն գնացող նպատակներ չունենային՝ ի վնաս բնիկ ժողովուրդների, այդ թվում՝ քրիստոնյա հայության:

«Ես գիտեի, որ ադրբեջանական պետությունը կապահովի բոլոր կրոնների խաղաղ գոյակցությունն ազատագրված Ղարաբաղում: Հայկական եկեղեցին պաշտպանում է հարեւան ժողովուրդների նկատմամբ ագրեսիան, իսկ հայկական հոգեւոր ծառայողները պատերազմի կոչ են անում` մի ձեռքում՝ խաչ, մյուսում՝ զենք»,- Փաշազադեի խոսքերը մեջբերել է Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայությունը: Նա միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ «հայ կաթողիկոսը կնպաստի խաղաղությանն ու երկխոսությանը՝ առաջ մղելու խաղաղ եւ հումանիստական գաղափարները եւ ձեռնպահ մնալու կրոնական ատելությունից՝ համապատասխան իր բարոյական պարտավորությունների, այլ ոչ թե պատերազմի»: Նշվում է, որ պատրիարք Բարդուղիմեոսը «պաշտպանել է այդ դիրքորոշումը եւ շեշտել այդ ուղղությամբ Հայաստանի Առաքելական եկեղեցու ջանքերի կարեւորությունը»:

Բայց բարոյական պարտավորությունները, ըստ թուրք-ադրբեջանական տրամաբանության, պետք է բնորոշ լինեն հայերիս, եվրոպական մյուս քրիստոնյա ժողովուրդներին, եւ դրանք այն արժեքներն են, որոնք իսլամականությունն օգտագործում է նույն քրիստոնյաների դեմ:

Կոստանդնուպոլսի պատրիարքության «Ortodox Times» պորտալում բանակցությունների մանրամասներին անդրադարձ չի եղել, միայն ընդգծվել է, որ Փաշազադեն ու Բարդուղիմեոսը «քննարկել են հարցեր, որոնք կապված են ուղղափառության ու իսլամի միջեւ շարունակվող երկխոսության հետ»:

Պոլսի եկեղեցու առաջնորդի հետ Ղարաբաղի վերաբերյալ զրույցը, ամենայն հավանականությամբ, պատահական չէր: Մի կողմից՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նրան աջակցում էր իր ամենամոտ դաշնակիցը՝ Թուրքիան, որի քաղաքացի է պատրիարք Բարդուղիմեոսը: Մյուս կողմից՝ երկար տարիներ այս տարածաշրջանում խաղաղարարի եւ միջնորդի դերը կատարում էր Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին: Հետաքրքիր է, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի զրույցի ընթացքում նրանցից ոչ ոք, միտումնավոր թե ոչ, չի հիշատակել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու Մոսկվայի պատրիարքարանի ջանքերը, որոնց մասին հաճախ հիշեցնում են Մոսկվայում: Բարդուղիմեոսը Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահին անվանել է «տարածաշրջանում եւ աշխարհում գլխավոր խաղաղարար»:

Արդեն քանիցս խոսել ենք Եվրոպայում թուրքական իսլամականության դրսեւորումների ու հեռագնա նպատակների մասին՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ գործող կառույցները հիմնականում ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից: Նշված կառույցներից մեկի՝ «Ազգային տեսլականի» հիմնադիր Նեջմեթին Էրբաքանը այսպես է ներկայացրել իր նպատակը. «Եվրոպացիները հիվանդ են... մենք նրանց դեղորայք կտանք: Ամբողջ Եվրոպան կդառնա իսլամական, մենք կնվաճենք Հռոմը»: Այդ կազմակերպության գործունեությունն Էրդողանը միայն ամրապնդում է Եվրոպայում թուրքական կենտրոններ ու դպրոցներ բացելու, ինչպես նաեւ թուրք-մահմեդական սփյուռքի բնակության բոլոր վայրերում հսկայական մզկիթներ կառուցելու քաղաքականությամբ: Շարժման հիմնարար փաստաթղթերում կոչեր կան՝ «միանալու ջիհադին», «միշտ պատրաստ լինել՝ գնալու ջիհադի», եւ ընդունել, որ հավատացյալների համայնքն իր առջեւ նպատակ է դնում «իսլամացնել հասարակությանը»: Հրապարակային մի շարք հայտարարություններում Էրդողանն արեւմտյան մահմեդականներին նույնիսկ կոչ է արել օրինական ճանապարհով գաղութացնել իրենց ընդունող երկրները, որպեսզի մի գեղեցիկ օր «եվրոպական իսլամաֆոբների համար տնից դուրս գալը սարսափելի լինի»…

Հասկանալի է, որ Թուրքիան ձգտում է իսլամիզմը տարածել նաեւ դեպի Հարավային Կովկաս, ուստի Սիրիայից ու Լիբիայից հավաքագրել է վարձկանների եւ ուղարկել Ադրբեջան: Ոչ միայն արցախյան պատերազմում իր դաշնակցին օգնելու համար: Ահաբեկիչները, Թուրքիայի կողմից հաստատվելով հայկական կողմի կորցրած տարածքներում, կկատարեն թուրքական իսլամականության բջիջների դերը, բայց մինչ այդ պետք է դեռ կայանան: Դրա համար ժամանակ է պետք, եւ հենց այդ լույսի ներքո պետք է դիտարկել Փաշազադեի հանդիպումը Բարդուղիմեոսի հետ: Այս առումով հարկ է հիշել հայկական պաշտոնական շրջանակների հայտարարությունները, որ Հայաստանը Եվրոպայի դարպասն է: Նրա դեմ հարձակումը հարձակում է Ռուսաստանի, Եվրոպայի վրա: Ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեւոր առումով. սկսվում է հոգեւոր հարձակումը Հայաստանի դեմ, եւ սա այն ճակատն է, որը, ինչպես ցույց տվեց արցախյան պատերազմը, չի կարելի անուշադրության մատնել:

Այս օրերին մենք ականատես ենք լինում Օսմանյան կայսրության վերածննդին: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, մեծ քանակությամբ զենք ու ծանր սպառազինություն տեղափոխում սիրիական Իդլիբ, միջամտում Լիբիայի քաղաքացիական պատերազմին՝ հօգուտ կողմերից մեկի, Միջերկրական ծովում նավթային հանքավայրերի տիրանալու նպատակով սպառնում Հունաստանի եւ Ֆրանսիայի ռազմական նավերին: Միեւնույն ժամանակ Թուրքիան, առանց ավելորդ աղմուկի, իրականացնում է ակտիվ տնտեսական, քաղաքական, կրոնական էքսպանսիա մի շարք երկրներում ու տարածաշրջաններում, այդ թվում՝ իր սահմաններից բավական հեռու: Արեւմուտքում արդեն սկսել են պլաններ մշակել Թուրքիայի զսպման եւ կարմիր գծերի անցկացման համար: Էրդողանին խորհուրդ չի տրվում հատել այդ կարմիր գծերը: Զգուշավորություն է հարուցում հատկապես այն փաստը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ իսլամիստների հետ միության կազմման կուրս է վերցրել, ինչով առաջացրել է ռազմական ղեկավարության դժգոհությունը: Նա կորցրել է իր ռազմական էլիտայի վստահությունը, սակայն ստացել է ցանկացած ազգության իսլամական ծայրահեղականների աջակցությունը: Այլ կերպ ասած՝ նրան սատարում է իսլամական ինտերնացիոնալիզմը: Եվ արդյոք պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել է Ստամբուլում…

 

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]