1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Հուսեյնին. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Հուսեյնին. Մարուքյանի ելույթը 
ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Բաքվում ռազմավարի «պուրակ» բացելով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի, ինչպիսիք էին Ադոլֆ Հիտլերն ու Սադամ Հուսեյնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասել է ԵԽԽՎ-ում իր ելույթում:

«2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները: Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր»,- նշել է Մարուքյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում:

«Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց: Խնդրում եմ մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում»,- հայտնել է Էդմոն Մարուքյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը նշել է, որ այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեպ համակարգային ռասայական ատելություն է տիրում։

«Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և պարզապես անընդունելի։ Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը: Միևնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր: Հուսեյնի նման, Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման, Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին»,- նշել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը:

«Նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին և ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։ Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում ամբողջ աշխարհում: Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները և հուսով եմ, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]