Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23- ին

Իրանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-
ին

ԹԵՀՐԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում, կորոնավիրուսով պայմանավորված, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակիցների թիվն այս տարի սահմանափակ է լինելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետյանը նշեց, որ տարելիցին ուղղված աշխատանքները հարմարեցնում են երկրում ստեղծված իրավիճակի հետ:

«Թեհրանում, համաճարակով պայմանավորված, այս տարի չենք կարողանա ժողովրդական միջոցառումներ անցկացնել, հավաքներն արգելված են, դպրոցներն առցանց են աշխատում: Աշխատանքները հարմարեցնում ենք ստեղծված իրավիճակին: Ասեմ, որ միջոցառումներն այս տարի սկսվելու են ապրիլի 23-ին: Այդ օրը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, կազմակերպվելու է մոմավառություն, սակայն յուրաքանչյուրն իր տանը, պատշգամբում: Այդ արարողությունը սոցիալական ցանցերով հեռարձակվելու է, փորձելու ենք սփռել, որպեսզի լայն հասարակությանը հասանելի լինի»,-նշեց Ալեքս Կարապետյանը:

Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում է նախատեսված Նահատակների հուշարձանի մոտ, որտեղ ներկաները ծաղիկներ կխոնարհեն ի հիշատակ նահատակվածների: Ալեքս Կարապետյանը նշեց, որ մասնակցությունը լինելու է սահմանափակ, ներկա են լինելու միայն ազգային իշխանության մարմինների մեկական ներկայացուցիչներ, որպեսզի հնարավոր լինի համաճարակի կանոնները պահպանել: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի սոցիալական ցանցերում:

«Այդ միջոցառման շրջանակում նախատեսված են ելույթներ: Ծրագրի վերջում հնչելու է պարսկերեն լեզվով հայտարարագիր: Մեր հայտարարության մեջ շեշտը դրվելու է Թուրքիայի ծավալապաշտության քաղաքականության, այդ երկրից տարածաշրջանի պետությունների ուղղությամբ եկող վտանգի վրա»,-ասաց Ալեքս Կարապետյանը:

Այս հիմնական միջոցառումներից զատ Իրանի 20-ից ավելի հայկական կազմակերպություններ կիրականացնեն նաև ապրիլքսանչորսյան իրենց ծրագրերը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի մոտ երեք տասնյակ պետություն: 

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]