Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր. վարչապետի և նրա տիկնոջ ցավակցական խոսքը

Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր. վարչապետի և 
նրա տիկնոջ ցավակցական խոսքը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ցավակցական խոսք են հղել ամերիկահայ հայտնի գործիչ Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող շատ հայերի համար նա յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ վարչապետի և Աննա Հակոբյանի ցավակցական խոսքում նշված է. «Իմ և կնոջս՝ Աննա Հակոբյանի անունից ցավակցում եմ անվանի մտավորական Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Սփոփանքի և վշտակցության խոսքեր ենք ուղղում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին։

Վարդան Գրեգորյանը հայկական սփյուռքի վերջին տասնամյակների ամենավառ և ճանաչված ներկայացուցիչներից մեկն էր։ Դասավանդելով ամերիկյան մի շարք համալսարաններում՝ Վարդան Գրեգորյանն այնուհետև դարձել է համաշխարհային համբավ ունեցող Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի նախագահը և իր աշխատանքային գործունեությունն ավարտել ԱՄՆ հռչակավոր Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտոնում։ Նա իր ողջ կյանքը դրել է ի սպաս Միացյալ Նահանգներում կրթության և գիտության զարգացմանն ու ժողովուրդների և մշակույթների միջև ճանաչելիության ու  փոխվստահության ամրապնդմանը, արժանացել է ԱՄՆ նախագահի «Ազատության» շքանշանին։

Վարդան Գրեգորյանը, լինելով մեծ հայրենասեր, մշտապես ներգրավված է եղել ամերիկահայ համայնքի կյանքում։ Պատահական չէ, որ սերելով Իրանի Թաբրիզ քաղաքի հայկական ընտանիքներից և ուսանելով Բեյրութի հայկական կրթօջախներում, նա երիտասարդ տարիներից ի վեր հոգևոր ամուր թելերով կապված է եղել իր ժողովրդի հետ և ապրել նրա կյանքով։ Իսկական հայ մտավորականի և հումանիստի խառնվածքն էր պատճառը, որ իր կյանքի վերջին տարիներին նա դարձավ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը։

Հայաստանում և Սփյուռքում ապրող շատ հայերի համար Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր։ Նրա բացակայությունը մեծ կորուստ է լինելու մեր ժողովրդի համար։

Ես և Աննան ջերմորեն ու մեծ տպավորություններով ենք հիշում պարոն Գրեգորյանի՝ բացառիկ մարդու հետ հանդիպումները»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]