Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքում մասնակցեց շաբաթօրյակի

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. նախարար Ռոմանոս 
Պետրոսյանը Գեղարքունիքում մասնակցեց շաբաթօրյակի

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարին այցի ընթացքում ուղեկցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ» -ի ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները:

Նախարարը խոսեց Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին:

«Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաեւ գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սեւանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու  տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Այդ գործընթացներից մեկը կապված է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման հետ: Այն գալիս է փոխարինելու նախկին չկանոնակարգված, վերահսկողությունից դուրս գտնվող որսին: Այս տարվա մարտի 21-ից սկսվել է ձկնորսության նոր կարգի ներդրման երկրորդ փուլը, որը կընթանա մինչեւ սեպտեմբեր: Այն նպաստելու է Սեւանի էկոհամակարգի վերականգնմանը, քանի որ Սեւանի կենդանական աշխարհի պահպանության դեպքում լճում առկա կենսաբանական զանգվածը որպես կեր է ծառայելու ձկներին, ու այդպիսով մաքրվում է ջուրը: Երկրորդ գործընթացը վերաբերում է ջրածածկված կամ ջրածածկման ենթակա ապօրինի շենք-շինությունների քանդմանը: Արդեն քանդվել է երեք տասնյակից ավելի շենք-շինություն, սակայն եղածը դեռ մեծ ու կարեւոր գործընթացի սկիզբն է միայն: Խնդիրն այն է, որ «Սեւան Ազգային պարկ»-ի միջոցները բավարար չեն՝ նման մեծ ծավալների շինարարությունները ապամոնտաժելու եւ շինարարական աղբը հեռացնելու համար: Ուստի մենք որոշման նախագիծ ենք ներկայացրել ՀՀ կառավարություն, որպեսզի համապատասխան միջոցներ տրամադրվեն՝ համապատասխան տեխնիկա ձեռք բերելու եւ աշխատանքների ողջ ծավալն իրականացնելու համար: Նույն պարկի միջոցով մաքրվելու են նաեւ ջրածածկման ենթակա կամ արդեն ջրածածկված անտառային տարածքները: «Սեւան Ազգային պարկ»-ում ստեղծելու ենք նոր պահնորդական ջոկատ՝ վերջրյա եւ առափնյա, ինչի արդյունքում մենք կկարողանանք շուրջօրյա հսկողություն իրականացնել ինչպես լճի վրա, այնպես էլ ցամաքում՝ կանխելով որսագողությունը եւ ապօրինի անտառահատումները»,-նշեց նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելեց «Սեւան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]