Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավորվում են. երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի

Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավորվում են. երկար սպասելու 
անհրաժեշտություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարորդական վկայական ստանալու հոսքը նվազել է: Եթե 2020 թվականի վերջին, քննական փոփոխությունների հետ կապված, վարորդական իրավունք ստանալու դիմումների աննախադեպ հոսք էր, շատերը փորձում էին մինչ փոփոխություններն ուժի մեջ մտնելը քննությունը հանձնեին, ապա ներկայում դիմելիությունը նվազել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության Երևանի Հաշվառման քննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Լևոնյանը նշեց, որ հերթերը կարգավորվում են, ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները երկար չսպասեն: 

«2020 թվականին, քովիդով պայմանավորված, մոտ 66 օր չենք աշխատել ու դրա հետ կապված բավական հերթեր գոյացան: 2020 թվականին՝ մինչև պատերազմը, հերթում կար 15 հազար մարդ, ու դա միայն Երևանում, իսկ հիմա 1000-1200 հոգի է: Միջինն օրական ունենում ենք 100-ից ավելի հերթագրում թե գործնական, թե տեսական քննության հետ կապված: Գործընթացը քիչ-քիչ կարգավորվեց ու հիմա տեսական քննությունների հետ կապված հրավիրվում են հենց հաջորդ օրը: Հերթերը միայն գործնական քննությունների հետ են կապված, ու այդ դեպքում դիմումը ներկայացնելուց 20 օրվա մեջ կանչում ենք: Դա էլ ասեմ, որ օբյեկտիվ պատճառ է: Տեսեք, դիմողների մինչև 40 տոկոսն է հանձնում քննությունը, 60 տոկոսը նորից է հերթագրվում, երկրորդ անգամ կտրվեց, նորից է հերթագրվում ու այդպես կուտակվում են»,-ասաց Գառնիկ Լևոնյանը: 

Այժմ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է նախատեսել, որոնք ևս նպաստելու են վարորդական քննությունների հերթերի կարգավորմանը: Մասնավորապես, տեսական, գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու պարագայում քաղաքացին կարող է նորից մասնակցել միայն 7 օր հետո: Երկրորդ անգամ բացասական հանձնելու պարագայում քննությանը մասնակցել թույլատրվելու է մեկ ամիս հետո: Այսինքն՝ քննությանը մասնակցելն ինքնանպատակ չի լինելու: Գառնիկ Լևոնյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ներկայում առկա հերթերը կկարգավորվեն և քննությանը սպասելու օրերը կկրճատվեն, ներկայիս մինչև 20-ը՝ հասցնելով մինչև 10-ի: 

Վարորդական քննություններին հերթագրվելու գործընթացը կատարվում է https://roadpolice.am/ կայքի միջոցով: Քաղաքացին ստանում է հրավերի հաղորդագրություն և նշված օրն ու ժամին ներկայանում է: Սկզբում մասնակցում է տեսական քննությանը, դրական հանձնելուց հետո նորից հերթագրվում է գործնականի համար: Գառնիկ Լևոնյանը նշեց, որ փորձում են մեկ օրում հնարավորինս շատ դիմողների հրավիրել: Թեպետ լինում են դեպքեր, երբ օրինակ 100 անձ է հրավիրված լինում, բայց 30-ը չի ներկայանում: Լինում է վատառողջ են, կորոնավիրուսով են վարակվել կամ ասում են, թեպետ հերթագրվել են, բայց դեռ պատրաստ չեն: 

Վարորդական քննություններին դիմելիության կառուցվածքում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները: Դիմողների շրջանում մինչև 80 տոկոսը կանայք են: Գառնիկ Լևոնյանը կարևորեց քննությունների հետ կապված տարվա սկզբից ուժի մեջ մտած փոփոխությունները: Դրանց համաձայն, գործնական քննությունը թեթև մարդատար ավտոմեքենա վարելու դեպքում անցկացվում է ոչ թե ավտոդրոմում՝ փակ տարածքում, այլ իրական պայմաններում: Մյուս դեպքերում անցկացվում է և՛ ավտոդրոմում, և՛ իրական պայմաններում: Գառնիկ Լևոնյանի խոսքով, այդ փոփոխությունը հնարավորություն է տալիս վարորդի թեկնածուի հմտությունները գնահատել հենց իրական պայմաններում: 

«Ասեմ, որ վարորդի թեկնածուների կողմից էլ դրական արձագանք կա: Մինչ փոփոխություններն ուժի մեջ մտնելը շատերը վախենում էին, ասում էին բարդ է, դժվար է, սակայն հասկացան, որ հակառակն է: Նախապես իրենց վարորդ հրահանգիչների հետ նաև քննական երթուղով են պարապում ու գալիս են: Եթե գործնական քննությունը դրական են հանձնում իրական պայմաններում, ուրեմն պատրաստի վարորդ են: Ես շատ դրական եմ համարում այդ փոփոխությունը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է քննություն ընդունողների կողմից շատ խիստ լինելու, ամեն փոքր բանից վարորդի թեկնածուին քննությունից կտրելու դիտարկումներին, ապա Գառնիկ Լևոնյանը հակադարձեց՝ ասելով, որ նման բան չկա: Այդ մասին է խոսում բողոքների քանակը, որոնք հատ ու կենտ են: 

Ոստիկանության տեսուչ Ֆեոդոր Մուրադյանը, ով վարորդականի քննություն է ընդունում արդեն 1.5 տարի, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փոքր բանից քննությունը կտրելու մասին խոսելը տեղին չէ:

 

«Միգուցե իրենց համար փոքր բան է, սակայն իրականում կոպիտ խախտում է: Հաճախ հանդիպողներից է գծանշումների խախտումը, Stop նշանի պահանջը չկատարելը: Լինում է միայն ուղիղ թելադրող նշանից գնում են աջ կամ ձախ: Մինչ խաչմերուկ հասնելը ուղղությունը նախապես զգուշացնում եմ, բայց լրիվ հակառակն են անում կամ շրջադարձը խառնում են հետադարձի հետ: Ամենատարածված խախտումներից է ամրագոտին չկապելը»,-ասաց ոստիկանության տեսուչը: Նրա խոսքով, քննություն տվողներին շատ խանգարում է հուզվելը, խառնվելը, լինում են դեպքեր, երբ ղեկին ձեռքերը դողում են: Նման դեպքերում առաջարկվում է կես ժամ հանգստանալ նոր մոտենալ: 

«Բոլոր նրանք, որոնք ցանկանում են վարորդական վկայական ստանալ, խորհուրդ եմ տալիս լավ պատրաստվել ու հանգիստ ներկայանալ, չլսեն կողքի խոսակցությունները, առաջին փորձից քննությունը հանձնողներ նույնպես կան»,-ասաց տեսուչը:  

Աննա Գզիրյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ