Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

150 վարժանք շուրջ 5000 անձի ներգրավմամբ, նոր հայեցակարգ. ԱԻ փոխնախարարը՝ քաղպաշտպանության ծրագրերի մասին

150 վարժանք շուրջ 5000 անձի ներգրավմամբ, նոր հայեցակարգ. ԱԻ փոխնախարարը՝ 
քաղպաշտպանության ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ընթացիկ տարում ծավալուն միջոցառումներ է նախատեսում քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ: Վերջին պատերազմից քաղած դասերը, դրա հետևանքով վերհանված բացերն իրենց տեղն են գտնում նախատեսված աշխատանքներում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում, ներկայացնելով արված աշխատանքն ու առաջիկա անելիքները, նշեց, որ  մեծաթիվ  միջոցառումներ են նախատեսված քաղաքացիական պաշտպանության ոլորտում հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ըստ նրա, այդ աշխատանքներում հիմնարար կարող են համարել այն, որ մշակվել է Բնակչության պատսպարման մասին հայեցակարգ, որը նախկինում չի եղել: 

«Այս հայեցակարգի միջոցով մենք ունենալու ենք օրենսդրական հիմքեր, չափորոշիչներ ապաստարանների, պատսպարման վայրերի, թաքստոցների քաղաքաշինական նորմերի և այլ հարցերի հետ կապված: Հայեցակարգը մշակվել է, ներկայացվել է հանրային քննարկման, առաջիկայում նախատեսում ենք ներկայացնել կառավարության քննարկմանը»,-ասաց փոխնախարարը: 

Նախարարության ուշադրության կենտրոնում է ժամանակավոր պատսպարանների հարցը: Արմեն Փամբուխչյանը նշեց, որ ԱԻՆ-ը համայնքներից շաբաթական ռեժիմով ստանում է պատսպարանների,  թաքստոցների պայմանների մասին տեղեկություն, որից հետ  մասնագետները գնում տեղում ուսումնասիրություններ են կատարում՝ տեսնելու, թե ինչ վիճակում են դրանք, ինչ խնդիրներ ու բացեր կան: Խոսքը ոչ միայն պատսպարանների մասին է, այլև պաշտպանական մյուս կառույցների, օրինակ հակաճառագայթային և պարզագույն: Ներկայում լայնամասշտաբ գործողություններ են իրականացնում գույքագրման ուղղությամբ: Նախարարությունը դաշտն ամբողջությամբ ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու փուլում է:   

«Մենք ունենք խնդիր հիմնականում շենքերի նկուղային հատվածների հետ կապված, որոնք կարող են ծառայել որպես կարճաժամկետ թաքստոցներ: Դրանք ժամանակի ընթացքում մասնավորեցվել են: Ու ունենք դեպքեր, երբ մասնավորեցված տարածքի բանալին գտնվում է սեփականատիրոջ մոտ, ով երկրում չէ: Դրանից բացի, նկուղային հատվածը մասնավորեցված է, սակայն բաց, հասանելի չէ, որ քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում պատսպարվեն: Սա թերևս հիմնական խնդիրն է: Կարող եմ նշել նաև այն, որ ապաստարաններում տևական ժամանակ չեն կատարվել վերանորոգման աշխատանքներ և նրանք գտնվում են ոչ պիտանի վիճակում: Օրինակ, ջրով են լցված, աղբակույտեր են, օդափոխության համակարգը չի աշխատում, այսինքն` անհրաժեշտ կահավորում, պայմաններ չկան: Մյուս խնդիրն այն է, որ ապաստարանների վրա կամ դրանց կից շինարարություն է կատարվել: 

«Սրանք և այլ խնդիրներն այս ընթացքում վերհանվել են, արձանագրվել ու դրանց ուղությամբ աշխատանք ենք տանում: Ասեմ նաև, որ մշակված նոր հայեցակարգով սահմանվելու են քաղաքաշինական հստակ մոտեցումներ: ԱԻՆ, համայնքներ, Քաղաքաշինության կոմիտե համագործակցությամբ ուշադրության կենտրոնում են պահվելու նաև նոր ապաստարանների, պատսպարանների  կառուցման աշխատանքները, իհարկե, տեղի նպատակահարմարությունը պետք է որոշվի համատեղ»,-ասաց Արմեն Փամբուխչյանը:

Անդրադառնալով տեխնիկական համալրման աշխատանքներին, մասնավորապես անվտանգության շչակների համալրմանը՝ փոխնախարարը նշեց, որ այս ծրագրերը նույնպես ընթացքում են: Մարզային փրկարար ծառայության ղեկավար կազմի զեկույցների համաձայն, տարբեր համայնքների կողմից ձեռք են բերվում նոր անվտանգության շչակներ: Այս ընթացքում բավական քանակի շչակներ նորացվել են, սակայն դեռ գործընթացը շարունակվում է: Այժմ աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որ այդ բոլոր շչակները կենտրոնացված գործեն, այսինքն՝ ազադարարումը կառավարվի մեկ տեղից:  

Այս տարի նախարարությունը սկսել է նաև ուսումնական վարժանքների ծրագիրը, որն իրականացվում է բոլոր մարզերում: Առաջին եռամսյակում ՀՀ ամբողջ տարածքում իրականացվել է 150 ուսումնական վարժանք: Միայն երկրաշարժի ժամանակ անվտանգության հարցերի  ուղղվածությամբ իրականացված վարժանքների շրջանակում ուսուցանվել է 4 հազար 762 քաղաքացի: Աշխատանքներն իրականացվել են թե պլանային, թե արտապլանային ծրագրերով: Փոխնախարարն ընդգծեց, որ վարժանքներին մասնակցելու պատրաստակամությունը շատ դեպքերում գալիս է հենց համայնքներից, կազմակերպություններից: 

«Մենք ամեն ինչ անում ենք, որ  հնարավորինս շատ կազմակերպություններ, հաստատություններ ներգրավվեն: Ինչ վերաբերում է բազմաբնակարան բնակելի շենքերին, եթե ցանկություն կա, ապա կարող են դիմել իրենց վարչական շրջան, համատիրություն և տվյալ տարածքի փրկարար ծառայությունը պատրաստ է արձագանքել, աջակցել, այստեղ խնդիր չենք տեսնում»,-ասաց նա:  

Վարժանքներն անցկացվում են տարբեր ուղղություններով՝ ինչպես պատսպարվել, առաջին բուժօգնություն, տարահանում, ինչ վարքագիծ դրսևորել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ուշադրություն են դարձվում շինությունների ենթակառուցվածքներին, մատնանշվում են այն խնդիրները, որոնք պետք է շտկվեն: 

Պատերազմից քաղած դասերը տեղ են գտնում ուսումնական և իրազեկման գործընթացներում: Խնդիր է դրված բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը ռազմական գործողությունների իրականացմամբ պայմանավորված կամ դրանց հետևանքներից առաջած վտանգների, տարերային կամ տեխնածին բնույթի աղետների, արտակարգ իրավիճակների դեպքում: 

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]