Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-9/21. ի՞նչ նորույթներ կան գրական շուկայում

«Նոր գիրք»-9/21. ի՞նչ նորույթներ կան գրական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն 
Վըրջինիա Վուլֆ, «Միսիս Դելոուեյ»

«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը: Թարգմանությունն անգլերենից` Վահե Արսենի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն 
Ռաֆայել Սաբատինի, «Նավապետ Բլադի ոդիսականը»

Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին իր արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։ Եվ Փիթր Բլադը իր ընկերների հետ փախչում է գերությունից նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ։

Ճիշտ է, Նավապետ Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին միշտ խնայում է։ Նա պայքարում է միայն գաղութարարների ու թագավորական իշխանության ներկայացուցիչների դեմ։ Թարգմանությունը՝ Մ Մաքսապետյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն 
Մոնթե Մելքոնյան, «Պայքարելու իրավունքը»

«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։ Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության և նպատակների վերաբերյալ: Կազմող՝ Մարգար Մելքոնյան, թարգմանիչ՝ Վահան Մկրտչյան, առաջաբանը՝ Սեդա Գպրանյանի, խմբագիր՝ Արամ Թոփչյան, հրատարակության է պատրաստել Արմեն Սարգսյանը, ձևավորող՝ Լիլիթ Ալթունյան: Լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը: 


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]