1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ռուսերենի ուսուցիչներին տրվեցին վկայագրեր

Վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ռուսերենի 
ուսուցիչներին տրվեցին վկայագրեր

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչներին վկայականներ հանձնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն ասաց, որ վերապատրաստման նոր կարգով ուսուցիչները հնարավորություն կունենան նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները հավաքել և դիտարկել դրանք պարտադիր ատեստավորման պարագայում։

«Կարծում եմ, որ վերապատրաստման գործընթացը կարող է շատ լավ օրինակ լինել, թե ինչպես մասնագիտական զարգացման նախաձեռնությունները կարող են ուսուցիչների համար դառնալ հնարավորություն՝ անցնելու ատեստավորման գործընթացը։ Ուսուցիչները պետք է լինեն մեր կողքին և մեր կարևոր գործընկերը, ինչի շնորհիվ կկարողանանք ոլորտում փոփոխություններ անել»,- նշեց Անդրեասյանը և հավելեց, որ նախարարությունը մեծապես գնահատում է ուսուցչի կատարած աշխատանքը։

Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը վստահեցրեց, որ 5 շաբաթ առաջ սկսված և հաջողությամբ ավարտված վերապատրաստման դասընթացները շատ արդյունավետ և օգտակար կլինեն ուսուցիչների համար։

«Կարծում եմ, որ մեր ուսուցիչները դպրոց կվերադառնան ավելի շատ գիտելիքներ ձեռք բերած և կկարողանան օգտագործել դրանք իրենց ամենօրյա աշխատանքում»,- ասաց Հարությունյանը։

Արմավիրի մարզի դպրոցներից մեկի ռուսաց լեզվի ուսուցիչ Մարգարիտա Ռուբիկին շնորհակալություն հայտնեց նման արդյունավետ դասընթացներ կազմակերպելու և իրականացնելու համար։

«Վերապատրաստման նման դասընթացներ արդեն վաղուց չէին եղել, ցանկանում եմ, որպեսզի դրանք շարունակական լինեն։ Ռուսաց լեզվի ուսուցիչներ մեր հանրապետությունում շատ կան։ Կարծում եմ, եթե նրանք կարիք ունենան հավելյալ գիտելիք ստանալու, պետք է ունենան այդ հնարավորությունը նման վերապատրաստումներ անցնելու։ Մեզնից է կախված աշակերտների՝ ռուսաց լեզվի և մշակույթի հանդեպ սերը»,- ասաց ուսուցչուհին։

Ուսուցիչների վերապատրաստումը իրականացվել է ԿԳՄՍՆ-ի, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, Մոսկվայի տան համագործակցության շրջանակներում: Ծրագիրը Ֆինանսավորել է Մոսկվայի տունը: Մոսկվայի տան տնօրեն Վահրամ Կարապետյանը նշել է, որ պատրաստակամ է ծրագր շրջանակում շարունակել համագործակցությունը:

 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]