Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ ԳԲԿ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ ԳԲԿ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ապրիլի 9-ին հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը և ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի  ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են համագործակցության մի շարք հարցեր՝ ուղղված գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են նաև Միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որը երկկողմ համագործակցության ձևաչափով երիտասարդներին ՀՀ և ՌԴ առաջատար բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ և ՌԴ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի և բուհերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման հեռանկարներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՌԴ  գիտության և բարձրագույն կրթության նախարար Ֆալկովը հայտնել է, որ 2021 թվականին Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կազմակերպվելու է «Մաթեմատիկա» կրթական ծրագրի միջոցառումը, իսկ 2022 թվականի հուլիսի 6-14-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը։ Նա Դումանյանին սիրով հրավիրել է մասնակցելու այդ երկու կարևոր միջոցառումներին:

«Նախարարները քննարկել են նաև գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու խնդիրները: Նշվել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի նաև գիտական նոր զարգացումների ապահովմանը: ՌԴ  գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի և տեղեկության փոխանակմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]