Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թեհրանը չի ցանկանում կորցնել Կենտրոնական Ասիան

Թեհրանը չի ցանկանում կորցնել Կենտրոնական Ասիան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր կենտրոնաասիական շրջագայությունն սկսել է ապրիլի 5-ին՝ այցելելով Ուզբեկստան: Իրանցի դիվանագետի ուշադրության կենտրոնում են նաեւ Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանն ու Տաջիկստանը: Թեհրանի համար Չինաստանի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումից հետո կարեւոր է ինտեգրվել աշխարհատնտեսական նախագծերին եւ վերականգնել կորցրած դիրքերը տարածաշրջանում՝ սեփական աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իսկ այդ տեսանկյունից այցելությունն այդ երկրներ օդի եւ ջրի պես կարեւոր է Իրանի համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կենտրոնական Ասիա է ժամանել Թեհրանի ու Պեկինի միջեւ կնքված 25-ամյա համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո, որի պայմանների համաձայն՝ չինական կողմն ավելի քան 400 մլրդ դոլար է ներդնելու իրանական տնտեսության մեջ: Չինական գումարները կուղղվեն նավթի, օգտակար հանածոների արդյունահանմանը, իրանական արդյունաբերության զարգացմանը, գյուղատնտեսությանը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությանը: Փոխարենը Չինաստանն իրանական նավթ ու գազ կստանա:

Ուշագրավ է, որ Չինաստանի ու Իրանի միջեւ համաձայնագիրը պատրաստ էր ստորագրման դեռեւս 2019 թ.: Սակայն այն ժամանակ չինական կողմը որոշեց սառեցնել գործընթացը: Եվ միայն այն բանից հետո, երբ ձախողվեց իրանա-ամերիկյան գագաթնաժողովը, չինացիները հասկացան, որ այլեւս չի ստացվի նորմալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, եւ ստորագրվեց պայմանագիրը Թեհրանի հետ:

Այս համաձայնագիրն Իրանի համար լուրջ եւ երկարաժամկետ ներդրող է ապահովում, իսկ Չինաստանին տալիս է նավթ եւ գազ: Այլ հարց է, թե ինչ գնով: Չինաստանը միշտ օգտվել եւ օգտվում է իր գործընկերների ծանր վիճակից՝ ձգտելով վաստակել դրա շնորհիվ: Բոլորին է հայտնի, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով հայտնվել է ամերիկյան սահմանափակումների ճնշման տակ, իսկ եթե նշված համաձայնագիրը գործի, ամերիկյան պատժամիջոցների «պատը» հզոր հարված կստանա եւ պարզապես կճեղքվի: Ավելին՝ այդ պատն ընդհանրապես կքանդվի, եթե Իրանը, որպես մշտական անդամ, մտնի Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ, որի անդամներից մեկը Հայաստանն է: Այդ մասին հայտարարությունը դեռ փետրվարին է հնչել, երբ Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն այցելեց Մոսկվա: Իրանը կարող է լինել առաջին երկիրը, որն այս ճանապարհով ցույց կտա, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պատժամիջոցները տոտալ բնույթ չունեն: Հաջողության դեպքում իրանական փորձը կկիրառվի նաեւ այլ երկրներում, որոնք գտնվում են սահմանափակումների տակ:

Իրան-Չինաստան համաձայնագիրը հետաքրքիր աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական քայլ է Թեհրանի համար: Զարիֆի այցը կապված է տարածաշրջանային նախագծերի մշակման հետ:

Իրանի արտաքին գործերի նախարարի այցի ընթացքում տրանսպորտային եւ նյութատեխնիկական նախագծերի հարցերը կենտրոնական են լինելու, քանի որ Իրանը ցամաքային ճանապարհով Չինաստանի հետ կարող է կապ հաստատել միայն Կենտրոնական Ասիայի երկրների միջով: Տաշքենդում կայացած բանակցություններում, ամենայն հավանականությամբ, քննարկվել է Իրանին անհրաժեշտ Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման հարցը: Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում, քանի որ այն տրանսպորտային կապող միջանցք կլինի՝ Ուզբեկստան-Աֆղանստան-Իրան (Մազարի-Շարիֆ-Հերաթ-Չաբահարի նավահանգիստ): Թեհրանը շահագրգռված է, որ այս ճանապարհն աշխատի: 2020 թ., երբ կորոնավիրուսի տարածումը հասել էր իր գագաթնակետին, այս երթուղով սկսվեց ավտոմոբիլային հաղորդակցությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այս ճանապարհն ամրապնդվի երկաթուղու կառուցման միջոցով:

Թուրքիայի ակտիվացումը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ որոշակի հարցեր է առաջացնում ոչ միայն Ռուսաստանի եւ Չինաստանի, այլ նաեւ Իրանի համար: Թեհրանին անհանգստացնում են մարտի 31-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով կայացած թյուրքական գագաթնաժողովի արդյունքները: Անկասկած, Թուրքիայի դիրքերը Կենտրոնական Ասիայում ուժեղ են, բայց Իրանը նույնպես կակտիվանա Կենտրոնական Ասիայի ուղղությամբ՝ հատկապես կապված ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրերի հետ: Փորձագետները վստահ են, որ եթե նույնիսկ այդ երկիրը կազմակերպության մշտական անդամ չդառնա, Իրանի ու ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու գաղափարը կյանքի կկոչվի:

ՌԴ ռազմավարական գնահատումների եւ կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Պանկրատենկոյի կարծիքով՝ Կենտրոնական Ասիայի վեկտորը ձախողվել է նախագահ Հասան Ռոհանիի օրոք: Անկախ այն բանից, թե հաջորդ նախագահը որ ճամբարից կլինի, նա ստիպված կլինի վերականգնել Կենտրոնական Ասիայի ուղղությունը: «Եվ չնայած Ջավադ Զարիֆն արդեն «կաղ բադ» է, այդուհանդերձ, անհրաժեշտ է որոշ հիմքեր ստեղծել եւ ներկայացնել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Սա պարզապես Զարիֆի հրաժեշտի ուղեւորություն չէ, այլեւ երկկողմ հարաբերություններում աուդիտի անցկացում: Որովհետեւ հանկարծ պարզվեց, որ Իրանի ազդեցություն Կենտրոնական Ասիայում պարզապես գոյություն չունի»,- ասել է Պանկրատենկոն: Նրա խոսքերով՝ Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ գործող նախագծերը կրճատվեցին, առեւտուրը հասցվեց նվազագույնի, Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունը, որն ամենամեծն է, անցած տարի չի հասել միլիարդ դոլարի, Իրանը տարածաշրջանի վրա կորցրել է նաեւ քաղաքական ազդեցությունը: Իսկ դա տեղի է ունեցել հենց այն տարիներին, երբ Զարիֆն Իրանի արտաքին գործերի նախարարն էր: «Ուստի նա մասամբ պատասխանատու է այս ձախողված քաղաքականության համար: Թեհրանի հիմնական խնդիրը չինական նախագծերին ինտեգրվելն է: Բայց Իրանի համար քիչ տեղ կա: Կենտրոնական Ասիային Իրանը հետաքրքիր չէ: Եվ սա մեծ խնդիր է, որը Զարիֆի այցով չի կարող լուծվել»,- ասել է փորձագետը:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]