Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Բալզակը»՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Բալզակը»՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն երկրորդ տեղում է: Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց բանաստեղծի բարեկամներ գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու լրագրող Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ:  Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականությանը սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:

Մարիաննա Հակոբյանի «Կասկադ. 6.15» վեպը երրորդ տեղում է: Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը: Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում, որոնք կգրավեն ու կմոտիվացնեն ընթերցողին:

Չորրորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» : Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Հինգերորդ հորիզոնականում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Ստախոսը»։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։

Հովիկ Աֆյանի «Կարմիրը» վեցերորդ տեղում է: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն յոթերորդ տեղում է: Այս ժողովածուն տաղանդավոր բանաստեղծի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է:

Ութերորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածուն: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռանում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով... Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» իններորդ տեղում է: Վեպն առաջին անգամ տպագրվել է «Մշակ» թերթում՝ 1882-1883 թվականներին, ապա նույն շարվածքից լույս է տեսել նաև առանձին գրքով։  «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել են Խ. Սամվելյանն ու Գ. Գասպարյանը):

Համո Սահյանի «Ընտրանին» տասներորդ հորիզոնականում է: Սահյանի ստեղծագործությունների ընտրանին մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունների մեկտեղումն է:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 -2

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 53
2 *

Համո Սահյան

«Ինձ բացակա չդնեք»

Զանգակ 15
3 Նոր Մարիաննա Հակոբյան «Կասկադ. 6.15» Զանգակ 15
4 * Դավիթ Սամվելյան «Ռոդենի ձմեռը» Էդիթ Պրինտ 14
5 +5

Լևոն Նես

«Ստախոսը»

Զանգակ 13
6 Նոր

Հովիկ Աֆյան

«Կարմիր»

Անտարես 12
7 Նոր Էդուարդ Հարենց «Մենակի ծնուշ» Անտարես 11
8 0 Դավիթ Սամվելյան «Արտագաղթած կարոտ» Էդիթ Պրինտ 10
9 Նոր

Րաֆֆի

«Խաչագողի հիշատակարանը»

Անտարես 9
10 * Համո Սահյան «Ընտրանի» Զանգակ 8

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]