1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահն այսուհետ կրելու է հիմնադրի՝ Արա Սարգսյանի անունը

Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահն այսուհետ կրելու է հիմնադրի՝ Արա 
Սարգսյանի անունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակի առթիվ Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահն անվանակոչվեց նրա անունով:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ Արա Սարգսյանը հրաշալի քանդակագործ էր, մեծ հայ, որը ծանր ժամանակներում ապրելով Հայաստանում՝ չի չարացել, այլ լցվել է սիրով, արվեստով և իր համախոհների, ընկերների շնորհիվ հիմնել է Հայաստանի նկարիչների միությունը, Գեղարվեստի ինստիտուտը: «Նա կարողացավ արարել, կրթել սերունդներ: Իմ պապիկը կրթվել է նրա դասավանդմամբ,  նրա ուսմունքով: Մեր ընտանիքները շատ մտերիմ են եղել»,-նշեց նա:

Սուրեն Սաֆարյանի տատիկը պատմել է, որ ամեն անգամ, երբ Արա Սարգսյանը հայտնվել է ինչ-որ վայրում, միջավայրում, բոլորը սպունգի պես նրանից վերցրել են դրականը: «Արա Սարգսյանը ոչ միայն հանճարեղ քանդակագործ էր, այլև հասարակական գործիչ: Մենք չենք կարող չհիշել «Նեմեսիս»-ը, որի ակնառու մասնակիցներից էր Սարգսյանը: Տատս պատմում էր, որ նա միակ մասնակիցն էր, որի անվան միայն առաջին տառերն են գրվել: Սարգսյանը մշակույթի գործիչ էր, և նրա ընկերները չէին ցանկանում վտանգել Սարգսյանին»,-շեշտեց միության նախագահը:

Սուրեն Սաֆարյանը մեծ պատիվ է համարում այն, որ ապրիլի 7-ին՝ Արա Սարգսյանի ծննդյան օրը,  Նկարիչների միության առաջին հարկն անվանակոչվում է մեծն արվեստագետի անունով: Սաֆարյանը նշեց, որ մտադրված են այդ  սրահում հետաքրքիր  ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև աջակցել Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի վերանորոգման հարցում:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանի խոսքով՝ Սարգսյանն իսկական արվեստագետ էր, փայլուն քանդակագործ: «Նա ստեղծեց մշակույթի հզորագույն կենտրոնները՝ Նկարիչների միությունը, Գեղարվեստի ինստիտուտը՝ դնելով հիմնաքարը, որի շնորհիվ այսօր հայ ազգը կարող է խրոխտ ձայնով ասել, որ պրոֆեսիոնալ ու հզոր մշակույթ ունի»,-եզրափակեց Դավթյանը:

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Ստամբուլում: Խորհրդային քանդակագործը Երևանի նկարիչների միության հիմնադիրն է և առաջին նախագահը, Հայաստանում հիմնադրել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը, որի առաջին ռեկտորն էր:

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս էր, ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից: Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է:

Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմար, փայտ, շամոտ, բրոնզ, բազալտ:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]