Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում բացվեց կինոպրոդյուսեր Մարտուն Ադոյանի անվանական աստղը

Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում բացվեց կինոպրոդյուսեր Մարտուն 
Ադոյանի անվանական աստղը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Մարտուն Ադոյանի անվանական աստղը համալրեց Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Մարտուն Ադոյանն առաջին հերթին կարգին մարդ էր, շատ հետաքրքիր ընկեր, կինոյին նվիրված անձնավորություն: Զարմանալի բան էր. թվում էր, թե պրոդյուսերը կինոմասնագիտություն չէ, բայց Ադոյանի պես նվիրված, կինոյի նկատմամբ այդքան նուրբ մոտեցում ունեցող մարդիկ շատ քիչ են: Քիչ առաջ զրուցում էի ներկաների հետ, և ոչ ոք չհիշեց մի դեպք, որ Մարտունը որևէ մեկին կինոյի հարցում մերժած լինի»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ իզուր չէր, որ Մարտուն Ադոյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, իզուր չէր, որ նա պետական մրցանակի դափնեկիր էր, միջազգային լավագույն մրցանակներն էր ստացել որպես պրոդյուսեր: Ըստ Հարությունյանի՝ Ադոյանի ամենամեծ գործը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որտեղ նա պահեց գեղեցիկ մթնոլորտ, որտեղ ծնվեցին ֆիլմեր, եղան պրեմիերաներ: Խաչատրյանի համար հատկապես կարևոր է այն, որ Ադոյանի աջակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում  ծնվել է «Ոսկե ծիրան»-ը:

Հարություն Խաչատրյանը մեծ տխրություն համարեց այն, որ Ադոյանի ստեղծած Աստղային ճեմուղում բացվում է նրա անվանական աստղը, սակայն Ադոյանը  ներկա չէ:

«Մենք մեկ տարի չենք կարողանում համակերպվել այս իրողության հետ: Տղաս ամեն ինչ անում է, որ վառ պահի հոր հիշատակը: Մարտուն Ադոյանը շատերի աստղերն է բացել, իսկ այսօր նրա անվանական աստղի բացումն է: Շատ սպասված է այս իրադարձությունը: Նա շատ էր սիրում կինոն և անում էր ամենը, որ երիտասարդ կինոմատոգրաֆիստներն իրենց տեղը գտնեն, ու կինոն զարգանա: Նա  արել է ամեն ինչ, որ «Մոսկվա» կինոթատրոնը գործի, շարունակի լավ պահեր պարգևել բոլորին»,-ասաց Մարտուն Ադոյանի կինը՝  Նելլի Ադոյանը:

Անվանական աստղի բացումից հետո «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց  ֆիլմ՝ նվիրված Ադոյանի հիշատակին:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Մարտուն Ադոյանի որդին՝ Հովհաննես Ադոյանը: Կինոնկարի ռեժիսորն Էդգար Բաղդասարյանն է:  Ֆիլմը, որը նկարահանվել է Մարտուն Ադոյանի մահվանից հետո, Ադոյանի հարազատների, ընկերների, մտերիմների պատմությունների միջոցով պատմում է Ադոյանի՝ որպես գործարարի, ընկերոջ, ընտանիքի հոր, կինոթատրոնի տնօրենի  և պարզապես մարդու մասին:

Մարտուն Ադոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1986-1991 թվականներին եղել է  Հայկական ԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալը: Եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր։

1991 թվականից մինչև իր կյանքի վերջ զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը։

Մահացել է 2020 թվականի ապրիլի 28-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]