Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, մահացել է 22 մարդ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք, առողջացել է 880 քաղաքացի, մահացել է՝ 22-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ:
Մեկ օրում կատարվել է 3581 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 876820-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն առողջացման, 3614-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15687 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում