1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յուրաքանչյուր մարզիկ պիտի հասկանա, որ ազգը հաղթանակի կարիքը շատ ունի. Գիլոյանը` Օլիմպիական խաղերի մասին

Յուրաքանչյուր մարզիկ պիտի հասկանա, որ ազգը հաղթանակի կարիքը շատ ունի. 
Գիլոյանը` Օլիմպիական խաղերի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերին երկար ժամանակ չի մնացել և տարին կարող է առանձնանալ նոր հաղթանակներով: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար մինչ այս Հայաստանը դեռևս 6 ուղեգիր ունի: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Կարեն Գիլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց մեր հնարավորությունների, նախապատրաստվելու ընթացքի մասին:  

-Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական ի՞նչ փուլում ենք հիմա:

-Օլիմպիական խաղերը Միջազգային օլիմպիական կոմիտեի դաշտում են և կազմակերպիչներն էլ նրանք են, ինչը նշանակում է, որ Հայաստանում էլ Խաղերի պատասխանատուն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է: Բայց ԿԳՄՍ-ն սերտորեն համագործակցում է ՀԱՕԿ-ի հետ: Մենք մի գործ ենք անում, մենք մի նպատակ ունենք` Հայաստանը լավ ներկայացնել աշխարհին Օլիմպիական խաղերի ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ պետք է համադրենք մեր ուժերը և գնանք առաջ: Առայժմ հասկանալի պատճառներով օլիմպիական հավաքականն ամբողջական չէ: Սպասում ենք վարկանիշային մրցաշարերի ավարտին` հասկանալու համար ի վերջո ովքեր կգնան Տոկիո: Բայց մինչ այդ էլ պետությունը նպաստ է տալիս բոլոր օլիմպիականներին` նրանց, ովքեր արդեն իսկ ունեն վարկանիշ կամ մոտ են քվոտա ձեռք բերելուն: Առաջին անգամ մեր պատմության մեջ մարզիկները հոգեբանական աջակցություն են ստանալու մինչ խաղերը: Ձևավորվել է պրոֆեսիոնալ սպորտային հոգեբանների մի խումբ, որն աշխատում է մեր մարզիկների հետ:

-Թեև դեռևս վաղ է, բայց քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք: 

-Իսկապես շատ դժվար է միանշանակ ասելը: Սակայն ես իմ անձնական փորձով ու հաշվարկներով կարծում եմ, որ մոտ 14-15 մարզիկ: Թեպետ մեր ՀԱՕԿ-ի գործընկերների հետ զրույցում նրանք մի քիչ ավելի շատ մասնակցի ակնկալիք ունեն` 18-20: Լավ կլինի, եթե մենք 15 հոգուց բաղկացած թիմ ունենանք: Ասեմ ավելին, վարչապետի հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում մենք առանձնակի անդրադարձ ենք ունենում Օլիմպիական խաղերին:

-Կորոնավիրուսն ամբողջությամբ տակնուվրա արեց սպորտը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ և հիմա ի՞նչ ազդեցություն ունի այս ասպարեզի վրա:

-Միանշանակ շատ վատ ազդեցություն ունեցավ: Ամենավատն անընդհատության սկզբունքի խախտումն էր: Սպորտում, եթե դու ժամանակային առումով մեկ միավոր կորցնում ես, հետո հետ բերելու համար երկու ավելի միավոր պետք է ձեռք բերես: Շատերի համար քովիդը կարիերայի ավարտ էր: Խնդրի լուծումն այդ պահին ելքեր գտնելն է, օրինակ` մտածում ենք, եթե համավարակը նորից սաստկանա, ապա լուծումը մարզիկների`  մարզաբազաներում ինքնամեկուսանալն է: Մարզադպրոցների առումով սա շատ բարդ է, բայց հավաքական թիմերի առումով` հնարավոր:

-Մինչ Ռիոյի Օլիմպիական խաղերը` Հայաստանն ուներ խթանիչ միջոցների հետ կապված լուրջ խնդիրներ: Կունենա արդյոք այս խաղերում նման խնդիր:

-Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ: Նախ մենք դոպինգ խնդիրներ ունեինք ծանրամարտում, բայց հաստատ ասում եմ, որ մեր ծանրորդներն այժմ ամբողջովին «մաքուր են»: Մենք որևէ խնդիր չունենք: Մենք հիմա գնում ենք նորմալ մարդկային ճանապարհով` շատ աշխատելով, շատ ջանք թափելով ստանալ նորմալ արդյունք:

Օրեր առաջ եմ հանդիպել Սիմոն Մարտիրոսյանի հետ: Նա ինքն անձամբ ասաց, որ խնդիր չունի: Ավելին մեր ծանրորդները մտածում են Օլիմպիական խաղերից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնել Տոկիոյում` WADA-ի (Հակադոպինգային  համաշխարհային կազմակերպություն) հովանու ներքո անցկացվող հավաքին: 

-Արդյոք պետական պարգևատրությունը կփոփոխվի:

-Դա օրենքով սահմանված է արդեն քանի տարի: Առայժմ որևէ փոփոխություն չկա այդ հարցում: Իհարկե երկրի ներկայիս իրավիճակը հաշվի առնելով դժվար թե էական մեծ փոփոխություն լինի:

-Հարցս ուղղում եմ ձեզ, որպես երկարամյա գործընկեր և հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ. Հայաստանն այս տարի Օլիմպիական խաղերի չեմպիոն կունենա՞:

-Այո: Չեմպիոններ: Կուզենայի նաև հավելել. այն, որ մարզիկը միշտ պետք է գնա հաղթելու, դա աներկբա է: Այն, որ մարզիկի գործը հաղթելն է, դա սպորտի փիլիսոփայությունն է: Հատկապես մարզական հաղթանակներով պիտի մենք ծնկած դիրքից բարձրանանք: Յուրաքանչյուր մարզիկ, որը Տոկիոյում դուրս կգա ասպարեզ, պիտի կրկնակի մոտիվացված լինի` հասկանալով, որ ազգն այդ հաղթանակի կարիքը շատ ունի: 


Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]