Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկորնչելի վաստակ. Ազգային հեռուստատեսության խոնարհ մշակը

Անկորնչելի վաստակ. Ազգային հեռուստատեսության խոնարհ մշակը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ առաջին ստեղծագործությունը հեռուստաթատրոնում եղավ Կիմ Արզումանյանի «Իրանի» (Գ. Սարյան) բեմադրության մեջ հերոսուհու դերը: Այս բեմադրությունն առանձնանում էր խորը հուզականությամբ, քնարական շնչով: Ներկայացմանը մի առանձին հմայք էր տալիս Հովհաննես Բադալյանի զուլալ երգեցողությունը: Այնուհետեւ ես դարձա Կիմի նախապատվելի դերասանուհին հեռուստաթատրոնում՝ իբրեւ հիմնական հերոսուհիների դերակատար:

Կիմն օժտված էր հումորի նուրբ զգացողությամբ: Ընթանում էին «Միջնորդ տեր պապան» ներկայացման փորձերը: Այդ օրերին ես երազում էի ունենալ թանկարժեք մուշտակ, եւ այդ գիտեր Կիմը ու փորձի ժամանակ կատակեց. «Մի անհանգստացիր, Վարդուհի, դու կունենաս այդ մուշտակը, երբ ավարտվեն նկարահանումները»: Ավարտվեցին բեմադրության առաջին մասի նկարահանումները: «Վարդուհի, այսօր դու վաստակեցիր մուշտակիդ թեւերը»: Կիմի խոսքերն ընկալեցի իբրեւ հերթական կատակ: Երկրորդ մասի նկարահանման ավարտից հետո ասաց. «Այսօր դու վաստակեցիր մուշտակիդ թիկունքը»: Երրորդ մասի ավարտից հետո Կիմը մոտեցավ ինձ՝ ժպիտը շուրթերին, ու ասաց. «Շնորհավորում եմ մուշտակդ, Վարդուհի»: «Ի՞նչ մուշտակ, այդքան դրամ ինձ որտեղի՞ց»: «Քո փայլուն դերակատարության համար ես գրել եմ այնքան հոնարար, որ դու կարողանաս գնել քո կամեցած մուշտակը»: Եվ ես գնեցի իմ երազած մուշտակը: Կիմը գիտեր գնահատել դերասանին եւ իր հնարավորության սահմաններում անում էր ամեն բան, որ դերասաններս ապրենք համեմատաբար անկարիք…»:

                                                                                         Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

 

Այսպիսին էր նա որպես կամեցող ու ձեռնհաս մարդ, այսպիսին էր՝ որպես գնահատող արվեստագետ: Նա՝ Կիմ Արզումանյանը՝ մի բեմադրիչ, որի ծառայությունները հայ թատրոնին, հեռուստատեսությանը, հայկական ռադիոյին եւ մանկավարժությանը անգերագնահատելի են եւ անուրանալի: Նրա բեմադրությունները, ֆիլմերը, բազմաթիվ ու բազմապիսի հաղորդումները հայ ազգային հեռուստատեսության նվաճումների ոսկե շղթայի փայլուն օղակներից են, որոնք երբեւէ չեն խունանալու:

Անվանի ռեժիսորը ծնվել է 1926 թ. մարտի 31-ին, Գորիսում: Դպրոցական գերազանց ուսումնառությունից հետո ընդունվում եւ ավարտում է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ: «Հասունության վկայական» պիեսի դիպլոմային բեմադրությունից հետո նորավարտ ռեժիսորը հրավիրվում է մայր թատրոն եւ իր ակնհայտ հաջողված բեմադրություններով հաստատուն տեղ ապահովում ռեժիսուրայի անվանի վարպետներ Արմեն Գուլակյանի, Լեւոն Քալանթարի, Վարդան Աճեմյանի կողքին:

1956-1957 թթ., երբ  հիմնադրվում էր հայկական հեռուստատեսությունը, Կիմ Արզումանյանը  զբաղեցնում է դրամատիկական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսորի, իսկ 1964-1971 թթ.՝ հեռուստատեսության ստուդիայի գլխավոր ռեժիսորի պաշտոնները: Հեռուստատեսությունում իրականացնում է մի քանի տասնյակ բեմադրություններ՝ Վ. Թոթովենց՝ «Արաբական բալլադ», Գ. Զոհրապ՝ «Փոստալը», Ա. Շիրվանզադե՝ «Արտիստը», Վ. Սարոյան՝ «Ֆրեզնո. սրճարան Արաքս» եւ այլ գործեր: Բարձր գնահատականի են արժանանում Ֆ. Դյուրենմաթի «Ֆիզիկոսները» պիեսի էկրանավորումը՝ Սոս Սարգսյանի, Իշխան Ղարիբյանի, Մհեր Մկրտչյանի, Մարգո Մուրադյանի սքանչելի դերակատարումներով, Էդ. Դե Ֆիլիպոյի «Սանիտայի քաղաքագլուխը»՝ Գուրգեն Ջանիբեկյանի հրաշալի կերպավորումով, Ա. Քալանթարյանի «Բացեք ձեր աչքերը», Ռ. Վիվիանիի «Փողոցային վերջին շրջմոլիկը»՝ Կ. Խաչվանքյանի անձնավորմամբ, Ե. Օտյանի «Միջնորդ տեր պապան» եռամաս կատակերգությունը, այլ գլուխգործոցներ:

Կիմ Արզումանյանի ստեղծագործական նվաճումների զարդն է «Սայաթ-Նովա» հեռուստատեսային առաջին գեղարվեստական կինոնկարը (սցենարը՝ Հրաչյա Մուրադյանի): Հեռուստատեսային սուղ միջոցներով, դժվարին պայմաններում ռեժիսորին հաջողվում է ստեղծել մեծարժեք այնպիսի կտավ, որը տասնամյակներ շարունակ չի զիջում իր պատվավոր տեղը հայկական էկրանի ոսկե ֆոնդում: Այս ֆիլմն ասես ժողովրդի հոգու կանչով էր ստեղծվել, իսկ դերակատարները գերազանցում էին մեկը մյուսին՝ Բաբկեն Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան, Ավետ Ավետիսյան, Գեղամ Հարությունյան, Հեղինե Հովհաննիսյան, Մամիկոն Մանուկյան, Համբարձում Խաչանյան…

Պատկառելի է ռեժիսորի վաստակը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագործական պատմության մեջ, որտեղ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար: Այս թատրոնում նրա  բեմադրած «Ես, իմ հարսնացուն եւ» օպերետը, «Իմ սիրելի Ժորժ», «Խելահեղ օր» կատակերգությունները, «Քնքուշ սրտից պատուհաս» վոդեւիլը երբեւէ չեն ջնջվի ժամանակի հանդիսատեսի հիշողությունից…

Իսկ ինչ ասել նրա մանկավարժական գործունեության մասին. մայրաքաղաքի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որտեղ ղեկավարում էր բեմական խոսքի, բեմական շարժման եւ մեներգի ամբիոնը, այսօր ճանաչված քանի՛-քանի՛ դերասաններ են մկրտվել նրա ստեղծագործ մտքի ավազանում: Նույնը եւ մանկավարժական համալսարանի պարագայում: Նրա արվեստանոցն են ավարտել Ալլա Թումանյանը, Նելլի Խերանյանը, Զավեն Աբրահամյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Անահիտ Ղուկասյանը, Արմեն Էլբակյանը, Թամար Հովհաննիսյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Ամիրան Գալստյանը, Գոհար Իգիթյանը ու էլի ճանաչված ու սիրված արվեստագետներ: Սա եւս անուրանալի վաստակ է, որ փառավորում է ռեժիսորի անունը սերունդների հիշողության մեջ:

Մեր երեւելիներից շատերն են նժարել Կիմ Արզումանյանի հունձքն ու վաստակը, արժեւորել նրա մարդկային եզակի տեսակը: Լսենք նրանցից մեկին՝ փառահեղ Սոս Սարգսյանին. «Մարդիկ կան, որոնց հետ տասնյակ տարիներ ես ապրել կողք կողքի, աշխատել ես, մինչեւ անգամ մտերիմ ես եղել ու ընկեր, բայց եւ էնպես, մի ինչ-որ բան ունեն իրենց մեջ, որից ակամա ակնածում ես ու չես կարողանում նրանց ներկայությամբ հավաք ու ձիգ չլինել, չես կարող քեզ թույլ տալ փնթիանալ: Էդպիսին էր Կիմ Արզումանյանը, որի պահվածքը կիրթ էր, խոսքը՝ մտածված, ասածը՝ հստակ: Անցյալ դարի հիսնական թվականների սկզբին թատերական ինստիտուտն ավարտած, թատրոնով արբեցած մի խումբ երիտասարդներ ընդունվեցինք Սունդուկյանի անվան թատրոն, ընկերացանք, ու մեր ընկերությունը եւ անկեղծ էր, եւ անմիջական ու նաեւ բուռն ու խառնիխուռն: Կիմը մեր մեջ էր ու նաեւ մեզնից վեր, մի առանձին բարձրության վրա: Էդպես էլ մնաց իր տեղում մինչեւ իր կյանքի վերջը: Մեկ խոսքով՝ մեզ հետ էր, բայց բոլորիցս տարբեր: Քչերին է տրված լինել էդքան օժտված ու շնորհաշատ… Կիմը փայլուն բեմադրություններ արեց Սունդուկյանի անվան թատրոնում, հետո ինչ-որ ժամանակ տեղափոխվեց հեռուստատեսություն ու էնտեղ էլ գտավ իր տաղանդի դրսեւորման լայն ասպարեզ: Մի անգամ չէ, որ մասնակցել եմ նրա հեռուստատեսային բեմադրություններին: Ափսոս, որ էն ժամանակ դրանք չէին տեսագրվում ու էդպես էլ չմնացին ժապավենի վրա: Ափսոս, քանի որ արված էին պատշաճ պրոֆեսիոնալիզմով, գեղարվեստական բարձր մակարդակով…»:

Հիրավի՝ ափսոս…

                                                                                                         Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]