Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկում է ընտրություններից առաջ ռեյտինգային ցուցակները հանելու նախագիծը

Խորհրդարանը քննարկում է ընտրություններից առաջ ռեյտինգային ցուցակները հանելու 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված երկու և «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորներ ներկայացրել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ այսպիսով ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Նա նախ նշեց, որ ընտրությունները քաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական միակ հնարավոր տարբերակն են: Ուստի այդ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի և ընդհանրապես երկրի, հանրության համար: «ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն»,-ասաց Հովակիմյանը:

Նա հիշեցրեց, որ ներկայիս խորհրդարանի երեք քաղաքական ուժերը 2018-ին կողմ են քվեարկել ընտրական օրենսգրքի այն նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից:

«Կա հստակ հանրային պահանջ և լայն համախոհություն, և հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից: Այս հարցում բոլորս ենք համակարծիք: Եվ այսօր մենք հենց դա պետք է անենք: Առաջարկվող փոփոխություններում, բացի ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու կարգավորումներից, կան նաև կարգավորումներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսային հիվանդության առկայության փաստով ստեղծված իրավիճակին»,-ասաց նա:

Այս փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքերը սահմանել՝ ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար:

Հովակիմյանի խոսքով՝ երբ նախագիծը պատրաստ է եղել՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն պետք է արտահերթ ռեժիմով քննարկվեր, ուղարկվել է նաև հանրապետության նախագահին, որ եթե նախագահն առարկություններ ունի, դրանց մասին հեղինակներին նախապես զգուշացնի: «Ուստի ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր այն առարկությունները, որոնք հնարավոր է, որ ընդդիմադիր խմբակցությունների կամ նախագահի աշխատակազմի մեր գործընկերները կունենան, պատրաստ ենք քննարկել և իրացնել՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման միջակայքում»,-վստահեցրեց պատգամավորը:

Նախագծի հեղինակներն են խմբակցություններում չընդգրկված Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը»-ից Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am