Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Մեկնարկել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի դրամահավաք-արշավը  

Մեկնարկել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի դրամահավաք-արշավը

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» կինոնախագիծը կյանքի կոչելու համար մարտի 30-ից kickstarter.com հարթակում մեկնարկել է ֆիլմի դրամահավաք-արշավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել kickstarter.com կայք, այնտեղ փնտրել Revival: a film by Jivan Avetisyan, որտեղ հնարավոր կլինի գտնել լիարժեք ինֆորմացիա ֆիլմի մասին: Որոշակի գումարի չափով նվիրաբերություն անելու դեպքում կարելի է նաև նվեր ընտրել՝ դիտել Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմերը, մասնակցել կինոնկարի արտադրության գործընթացին, դիտել ֆիլմերի ռեժիսորական տարբերակները և այլն:

Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Ջիվան Ավետիսյանն ասաց, որ դրամահավաքի շեմը, որը փորձելու են հատել, 100 հազար ԱՄՆ դոլարն է: Այն կազմում է «Վերածնվածը» ֆիլմի արտադրության տասը տոկոսը: «Աջակիցների օգնությամբ կարողացել ենք ֆիլմի զարգացման գումարը գոյացնել: Դրամահավաքի միջոցով վերոնշյալ գումարը գտնելուց հետո աշնանը դիմելու ենք Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Հաջորդ տարի հունվարին հայտ ենք ներկայացնելու միջազգային ֆոնդերին, բայց դա չի նշանակում, որ գումարը հավաքվելու է միայն դրամահավաքով. այժմ արդեն բանակցություններ են ընթանում տարբեր ֆոնդերի, ներդրողների հետ: Նախատեսվում է ֆիլմի արտադրությունն սկսել 2022 թվականի աշնանը»,-շեշտեց Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ մինչ օրս նկարահանել է Արցախի մասին պատմող երեք ֆիլմ՝ «Թևանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»: 2018-ին սկսել են աշխատել «Վերածնվածը» ֆիլմի շուրջ, որը պետք է անդրադառնար 2016 թվականի Ապրիլյան պատերազմին: «Մեզ համար առաջնային է ստեղծել արվեստի գործ, բարձրորակ աշխատանք, որի միջոցով կպատմենք Արցախի մասին: Հիմա առավել կարևոր է ապագա սերունդներին իրականությունը մատուցելը: Պետք է կարողանանք գնահատել ու տեղ հասցնել այն իրողությունը, որը կատարվել է մեզ հետ և բարձրորակ ֆիլմի միջոցով ներկայացնել թե՛ մեզ, թե՛ հանրությանը»,- նշեց ռեժիսորը:

Սցենարիստ Նարինե Ոսկանյանի խոսքով՝ ֆիլմի թեման խաղաղությունն է, որին հասնելու համար կարիք կա գտնել մեր ինքնությունը: «Այսօր աշխարհն է կորցրել իր ինքնությունը. մարդածին աղետները տեղի են ունենում հենց այդ պատճառով: Մենք էլ վերածնվելու կարիք ունենք: Վերածնունդը պետք է Արցախից սկսվի»,- ասաց Ոսկանյանն ու հավելեց, որ Ացախում տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը դառնում են ֆիլմի բոլոր հերոսների ինքնության վերագտման առիթ, և հենց դրա շուրջ է կառուցվում կինոնկարը, որը պատմելու է ոչ թե Ապրիլյան պատերազմի մասին, ինչպես նախատեսված էր, այլ անդրադառնալու է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմին:

Ըստ կինոգետ, ֆիլմի սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանի՝ «Վերածնվածը» թեմայի, կերպարների և բովանդակության առումով հետաքրքիր է և նոր շերտ կարող է բերել ժամանակակից հայկական կինոյին:

Անդրադառնալով Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմերին՝ նա նշեց, որ «Դրախտի դարպասը» ֆիլմից սկսած էական փոփոխություն կա Ավետիսյանի՝ Արցախը ներկայացնելու մոտեցման մեջ:

«Արցախյան թեման միջազգայնացել է: Այսինքն, Արցախի խնդիրները, մեզ հուզող հարցադրումները ֆիլմի գեղարվեստական հյուսվածքի առումով տեղափոխվել են միջազգային շրջանակներ, դեպքերն այլևս չեն ծավալվում միայն Արցախում, այլև՝ Եվրոպայում: Հերոսները սյուժետային փոփոխությանը համապատասխան դարձել են օտարազգի դեմքեր:  Նոր նախագիծը, որը ֆիլմ կդառնա, շարունակում է այն գիծը, որը նախանշվել էր նախորդ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմում: Այստեղ ևս գործ ունենք  տարբեր ազգերի հերոսների հետ: Կան արցախաբնակ հայեր, սփյուռքահայեր, ֆրանսիացիներ և այլք: Մարդիկ են, որոնք ինքնության որոնումներում են»,- ընդգծեց Բոյաջյանը:

Ֆիլմի արտադրության խորհրդատու Հասմիկ Ավետիսյանն  էլ շեշտեց, որ հաջողված սցենարը ֆիլմի հիմքն է, որին զուգահեռ երեք տարի շարունակ աշխատում են կինոնախագծի տնտեսական, տեխնիկական կողմի վրա: Նախագիծը ներկայացրել են Բեռլինի կինոշուկայում, որտեղ ձեռք են բերել ոչ միայն կոնկրետ գործակցության առաջարկներ, այլև տարիների ընթացքում համակիրների բանակ են հավաքել, որը հետաքրքրությամբ սպասում է ֆիլմի ստեղծմանը: Ավետիսյանը կարևորեց ֆիլմի ստեղծման գործում եվրոպական երկրներից համաարտադրողների ներգրավումը, որ թե՛ պատմությունը, թե՛ ընթացքը համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Աշխատել են եվրոպական ֆոնդերի հետ, և աշխատում են դիստրիբյուտորների, հեռարձակողների հետ:

«Վերածնվածը» կինոնախագծի դերասանական կազմի անունները դեռ հայտնի չեն: Ռեժիսորն ասում է, որ չեն հնչեցելու անուններ՝ դերասաններին հարևան  երկրի հարձակումներից պաշտպանելու համար: Նախորդ փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը գտնում է օտարազգի դերասաններին ու հալածում նրանց: «Վերածնվածը» ֆիլմում դերասաններ են ընդգրկվելու Հայաստանից, կլինեն հայ դերասաններ, որոնք ապրում, ստեղծագործում են արտերկրում: Նրանցից ոմանք այնքան էլ հայտնի չեն, բայց նրանց վստահված են գլխավոր դերեր: Այժմ բանակցում են երկու հայտնի դերասանի հետ:

«Մի կնոջ գաղտնիքը», որը դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ. ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան/Արցախ:

Կինոնկարն արտադրելու է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը: Համաարտադրող ընկերություններն են «Արցախ արվեստի և մշակութային հիմնադրամ»-ը (ԱՄՆ) և «Արտբոքս» փրոդաքշն հաուսը (Լիտվա): Աջակիցներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]