1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

APT-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսավորման հարցով բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

APT-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսավորման հարցով բաց նամակ է հղել ՀՀ 
ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (Association for Prevention of Torture – APT, ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս:

«Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Նամակում ընդգծված է ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝ նաև շնորհիվ անկախության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են՝  Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային սահմանափակումների, մասնավորապես, նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) դժվարին ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: «Ուստի, էական է, որ նման ժամանակներում նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն ցուցաբերվի աջակցություն, այլ նաև դրանք առավել հզորացվեն»,- ասվում է նամակում:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղված բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաև այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման:

«Հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նամակում նշել է, որ պետք է պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է ապահովել, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի նստավայրը Շվեյցարիայի Ժնև քաղաքն է: Այն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի հիմքում «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ստեղծված՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային համակարգն է: Այս կազմակերպության գործունեությունը ընդգրկում է աշխարհի 90-ից ավելի երկիր: Այն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի (UN CAT) և Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (UN SPT) գլխավոր գործընկերներից է և մեծ դերակատարություն ունի հավատարմագրման (ակրեդիտացիայի) փուլում Մարդու իրավունքների հաստատության գործունեության գնահատելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]