Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

Քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է այս տարվա դեկտեմբերից հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը` ձմռան ընթացքում ֆիզկուլտուրայի դասերը փոխարինելով դահուկային պատրաստության դասերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում տեղի է ունեցել փորձնական ծրագրի առաջին քննարկումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ֆեդերացիայի նախաձեռնությունը:  «Սա կարող է կարևոր քայլ դառնալ մարզաձևի մասսայականացման և հետևաբար զարգացման համար: Ծրագրի իրականացմամբ երեխաների շրջանում դահուկային սպորտի նկատմամբ հետաքրքրություն և սեր կառաջանան: Բացի դրանից՝ դահուկային սպորտի դասերը կնպաստեն երեխաների առողջության ամրապնդմանը, կբարձրանա նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը»,- ասել է Կ. Գիլոյանը և ընդգծել, որ նախարարությունը հնարավորինս կաջակցի ծրագրի իրականացմանը:  Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն արձագանքելու և քննարկում կազմակերպելու համար, տեղեկացրել է, որ ծրագիրը կունենա նաև տեսական փուլ:  «Նախատեսում ենք սեպտեմբերին սկսել ծրագրի տեսական մասը, որի ընթացքում կպատրաստենք համապատասխան ուղեցույցներ, տեսադասեր, դրանցից կօգտվեն ոչ միայն դասավանդող ուսուցիչները: Դահուկային պատրաստության դասերը կանցկացնեն ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որոնք նախապես կվերապատրաստվեն»,- ասել է Գագիկ Սարգսյանը և վստահություն հայտնել, որ ծրագրի միջոցով և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները նոր գիտելիքներ կստանան, իսկ դասապրոցեսն առավել հետաքրքիր կդառնա:  «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երևանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում, Ապարանում, Վանաձորում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Հրազդանում, Քաղսիում և Վարդենիկում՝ ընդգրկելով նշված համայնքների մեկական դպրոց:  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ ծրագրի հաջողության դեպքում կդիտարկվի համայնքների շրջանակն ընդլայնելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների, գույքի առկայության և առհասարակ Հայաստանում դահուկային սպորտի զարգացմանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]