Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ ծրագիրը․ կլինեն կինոցուցադրումներ

Մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ ծրագիրը․ 
կլինեն կինոցուցադրումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ դեսպանությունը մեկնարկում է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի»  5-րդ հայաստանյան ծրագիրը, որի շրջանակում լինելու են կինոցուցադրումներ, որոնց մուտքը ազատ կլինի բոլորի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելում, որ լինելու է 3 հանրային զրույց կամ բաց դասախոսություն և 2 աշխատարան։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» այս տարվա ծրագրով ցուցադրվելու է 11 վավերագրական ֆիլմ։ Փառատոնի բացումը տեղի կունեն մարտի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Փառքի որոնումներում» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։ Ֆիլմը ներկայացնում  է մի շարք հայտնի մարզիկների փառքի ու ճանաչման ուղին ու գաղտնիքները։

«Ցուցաշարի բացման համար մենք այս ֆիլմն ընտրեցինք, քանի որ դրանից քաղած դասերը կիրառելի են ամենուր։ Դրանք մշակութային սահմաններ չեն ճանաչում ու ցույց են տալիս, որ ի հեճուկս մեր ունեցած տարբերությունների, մենք ունենք նաև շատ ընդհանրություններ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները նույնպես կառուցվում են այս գաղափարական հենքի շուրջ։ Այո, կան շատ ընդհանրություններ, որոնց շուրջ կառուցվում է մեր գործընկերությունը․ մեր երկուստեք հարգանքը ազատ մամուլի ու ամուր քաղաքացիական հասարակության հանդեպ, որոնք ապահովում են մեր առաջնորդների հաշվետվողականությունը․ գիտատար ճյուղերի ու տեխնոլոգիաների զարգացման մեր պարտավորությունը․ մեր սերը լավ ու չհնացող ջազի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի  մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը և «Մոսկվա» կինոթատրոնում ամեն օր կցուցադրվեն ֆիլմեր ժամը 18:00-ին և 20:00-ին։ Մուտքն ազատ է։ Ցուցադրվելու են հետևյալ ֆիլմերը․ «Լերկ ժայռն ի վեր», «Փառքի որոնումներում», «Ջազի դեսպանները», «Մոռացության մատնված Քինգը», «Ստեղծարարները», «Սա Մայք Ուոլլոսն է», «Մայլզ Դեյվիս․ նոր ռիթմերի ծնունդը», «Ամենից անհայտը», «Ցանցաբնակները», «Քուինսին» և «ՌԲԳ»։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 2021թ․ ծրագրի շրջանակում, մարտի 27-ին, կլինի հանրային զրույց կամ բաց դասախոսություն «Գտի՛ր քո պատմությունը» թեմայով, որը վարելու է Էմմի մրցանակի յոթնակի դափնեկիր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող և կոմպոզիտոր Բրայն Մալոնը։ Մարտի 29-ին ամերիկացի պրոդյուսեր Ջեննա Ռիքերը «Փիթչինգի հմտություններ ֆոնդհայթայթման համար» թեմայով զրույցի ընթացքում  դիտարկելու է ֆիլմի համար ֆինանսավորում գտնելու, ֆիլմի գաղափարը ներկայացնելու հարցերը։ Իսկ երրորդ զրույցը՝ «Ինչպես ինքնուրույն կազմակերպել վավերագրական ֆիլմերի դիստրիբյուցիան»  թեմայով,  նախատեսվում է մարտի 31-ին, և այն վարելու է ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լառա Սթոլմանը։ Բոլոր դասախոսությունները կամ հանրային զրույցները տեղի կունենան Zoom հարթակում Երևանի ժամանակով 20:00-ին։

Գրանցումն անվճար է, համապատասխան հղումները հնարավոր է գտնել «Ֆորում» թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում:

Մարտի 28-ից 30-ը կինոռեժիսոր Դենալի Թիլերը վարելու է եռօրյա աշխատարան՝ «Վավերագրական էթիկան և ստեղծարար պատասխանատվությունը» թեմայով, իսկ մարտի 31-ից ապրիլի 3-ը կինեմատոգրաֆիստ Քեյսի Ռեյգանը վարելու է «Միջանձնային հմտություններ վավերագրական ֆիլմեր նկարելու համար» քառօրյա աշխատարանը։ Աշխատարաններին մասնակցելու է կինոարտադրության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած 20 հայ երիտասարդ, որոնց ընտրությունը կատարվել է ներկայացված հայտերի հիման վրա։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]