Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Ռումինահայ գաղութը» աշխատությունը

Լույս է տեսել «Ռումինահայ գաղութը» աշխատությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպս. Հակոբյանի եւ աշխատասիրությամբ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի լույս է տեսել Հովհաննես Գալփագյանի «Ռումինահայ Գաղութը» աշխատությունը: Գիրքը նվիրված է Արեւելյան Եվրոպայի ամենահին` Ռումինիայի հայ համայնքի պատմությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Նա հիշեցրել է, որ Ռումինիայի հայ համայնքը սերում է Անիի կործանումից գաղթած հայության սերունդներից, ովքեր երկար դեգերումից հետո իրենց մնայուն բնակությունը բերեցին մոլդովական հողերում եւ 1401 թ. Սուչավա քաղաքում հիմնեցին եպիսկոպոսական աթոռ, որը այսօր համարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հնագույն թեմը: «Հատկանշական է, որ Ռումինիայի Բոտոշան քաղաքում է կառուցվել 1350 թ. Արեւելյան Եվրոպայի ամենառաջին քարաշեն, Աստվածամոր անունը կրող հայ եկեղեցին: 800-տարվա համայնքը, անշուշտ թողել է շատ մեծ ժառանգություն, այս ժառանգությունը, ոչ միայն ռումինահայ համայնքի հպարտությունն է եւ պարծանքը, այլ նաեւ ողջ հայության:

Տեր Հեթում քահանա Թարվերդյանի տեղեկացմամբ՝ Հովհաննես Գալփագյանը երկար ժամանակ աշխատել է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանում, որպես թեմական քարտուղար եւ առաջնորդարանում աշխատելու ընթացքում ի մի է բերել Ռումինիահայ համայնքի ամբողջական պատմությունը մինչեւ նորընտիր առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի գահակալության շրջան: Տեր Հեթումի աշխատասիրությամբ, սույն հրատարակությամբ խմբագրվել, սրբագրվել, տեղանունների եւ անձնանունների ցանկն է տեղադրվել, ինչպես նաեւ ծանոթագրվել եւ նոր լուսանկարներ են ավելացվել:

Ըստ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի՝ գիրքը նախատեսված է Հայ եկեղեցու, ռումինահայ համայնքի, հայ-ռումեն եկեղեցական հարաբերությունների, Ռումինիայում հայ կաթոլիկ համայնքի, հայ գաղթականության պատմության, եկեղեցական արվեստի առանձնահատկությունների ուսումնասիրմամբ զբաղվող անձանց համար: Այն հրատարակվել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի մեկենասությամբ` ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հայ զինվորների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am