Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մարտի 21-ին մատուցվել է Ս. Պատարագ, հավարտ որի առաջնորդարանի գահասրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից, ընդունելությանը ներկա են եղել Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի Հայաստանյան Մասնաճյուղի նախագահի խորհրդական և Ռումինիայի ներկայացուցիչ Մարինե Հովակիմյանը, Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի ռումինական մասնաճյուղի նախագահ Միհայ Տըրտըրեանուն, Ասոցիացիայի ընդհանուր քարտուղար Կըտըլին Բըլտեանուն, թեմի հոգևոր դասը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ: Խոսքով հանդես է եկել ռումինահայ լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը և ներկայացրել 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, հայոց կողմի կորուստները, Հայ Եկեղեցու և հոգևորականության, այդ թվում Ռումանիոյ առաջնորդի մասնակցությունն ու բացառիկ դերը պատերազմի ընթացքում՝ մասնավորապես նշելով. «Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիան զանգվածային և բացահայտ աջակցությամբ Թուրքիայի կողմից՝ նաև Սիրիայից օգնության եկած և լավ վճարված իսլամիստ վարձկանների օգնությամբ, որոնք բոլորն օգտագործեցին ժամանակակից գերբարդ կործանիչ զենքեր: Անշուշտ, ուժերն ամբողջովին անհավասար և անհամաչափ էին. հայերը, մանավանդ երիտասարդները, արիաբար նետվեցան մարտի մեջ՝ իրենց նախնիների հողն ու նրա սահմանները պաշտպանելու ցանկությամբ: Դժբախտաբար, հայ երիտասարդ և տարեց զինվորների ու կամավորների հերոսությունն ունեցավ ցավալի, ողբերգական ավարտ, ինչը հանգեցրեց ոչ միայն մի քանի տարածքների, այլ նաև հազարավոր զինվորների կորստին, գերիների, իսկ շատերն էլ վիրավորվեցին կամ մինչ օրս համարվում են անհայտ կորած…»։

«…Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ՝ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանն այդ օրերին ռազմաճակատում էր գտնվում՝ վտանգելով իր կյանքը և առողջությունը շարքային հայ զինվորի և հրամանատարի կողքին, որպեսզի նրանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերի: Իր համար դա մի սովորական քայլ էր, քանի որ հայ ժողովրդի պատմության ընթացքում հոգևորականը միշտ եղել է քարոզիչ, իր տեսակի մեջ զինվոր, և, մի ձեռքում պահելով խաչը, մյուսում՝ զենքը, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Այս պատերազմում ևս պատահական չէր, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը գտնվում էր մարտիկների շարքում: Այդ օրերին սոցիալական ցանցերում տեսանյութ էր շրջանառվում, որում մեր Սրբազան հայրը, շրջապատված զինվորականներով, քահանաներով ու սարկավագներով, քայլում էր լեռնային ճանապարհներով և կանգ առնում զինվորների խմբերի մոտ, իսկ նրա զենքը պարզապես մի մեծ սև խաչ էր՝ կապված սպիտակ սրբիչով։ Նրանք ակնածանքով և հավատով լսում էին նրա ոգու, քաջալերանքի խոսքերը՝ հանուն նախնյաց հողի պաշտպանության, իսկ հետո բոլորը շատ տպավորիչ արտասանեցին «Հայր մերը»: Սրբազանը հայ զինվորին կոչեց Աստծո հրեշտակ, երկրի սահմանների պաշտպան»,- ասել է Մադլեն Գարագաշյանը:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից նաև հայտնում են, որ նրա խոսքի ավարտին տեղի է ունեցել շքանշանի և շնորհակալագրի հանձնման արարողակարգը: Ֆիդայական ոգին բարձր պահելու համար Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Հայաստանի «Ֆիդայիներ» կազմակերպության կողմից պարգևատրվել է «Տարոնի Առյուծ» շքանշանով, իսկ Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի կողմից՝ շնորհակալագրով՝ Հայրենիքի օրհասական պահին իր ցուցաբերած օգնության և մարտական գործողություններին անձնական մասնակցությունը բերելու համար:

Պարգևատրումից հետո մեկ րոպե լռությամբ հարգվել է Արցախյան երկրորդ պատերազմում նահատակվածների անմահ հիշատակը, որից հետո Տաթև Սրբազանն իր օրհնությունն ու խոսքն է բերել ներկաներին՝ նշելով. «Արցախ ենք մեկնել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ հայ զինվորի, հրամանատարի և կամավորի կողքին կանգնելու, ոգեշնչելու և մարտական ոգին բարձր պահելու համար: Կարծում ենք՝ զարմանալի ոչինչ չկա այստեղ, քանզի հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հայ հոգևորականը ոչ միայն եղել է քարոզիչ, այլ նաև զինվոր, մի ձեռքին խաչ, մյուսին զենք, մասնակցել Հայրենիքի պաշտպանության կամ ազատագրության սրբազան առաքելությանը: Արցախում մենք տեսանք արի, առյուծասիրտ և սխրագործ զինվոր ու սպա: Մենք տեսանք մահը, բայց միևնույն ժամանակ հարությունը, տեսանք խաչի ու մահվան ճանապարհ, բայց միևնույն ժամանակ Տիրոջ հարության օրինակով հաղթանակ ու վերածնունդ: Մենք զինվորի աչքերի մեջ տեսանք Աստծո ներկայությունը և հայ զինվորից սովորեցինք քաջություն և սրբազան նպատակի համար կյանքը զոհաբերելու, չխնայելու պատրաստակամություն: Եվ չնայած պատերազմի աղետալի ելքին, Մենք հավատում ենք, որ Արցախը ինչպես եղել է, լինելու է հավիտյան Հայաստանի անբաժանելի մաս, հավատում ենք, որ թեև ճակատամարտում պարտվել ենք, բայց վերջնական հաղթանակը մերն է լինելու: Փառք ու պատիվ Մեր զինվորներին, սպաներին ու կամավորներին: Փառք հայոց բանակին: Կեցցեն Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, կեցցե ռումանահայությունը, որ պատերազմի օրերին իր աջակցությունը բերեց Հայրենիքին, կեցցե Ռումինիան, որ 1000 տարի շարունակ հնարավորություն տվեց հային ապրել, գործել ու պահպանել իր հավատն ու ավանդույթյունները հյուրընկալ այս հողի վրա»:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]