Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի 
քանիսը շուտով կշահագործվեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող ջրագծերի անցկացման և ջրանցքների վերանորոգման  աշխատանքների շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Աշտարակ, Օշական, Ուջան և այլ քաղաքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է տեսանյութեր, որտեղ ծանոթանում է ՀՀ տարածքի ջրատարաների և ջրանցքների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներին։

«Մենք այս տեսանյութերը նկարում ենք, որպեսզի վերանա այն թյուր կարծիքը, թե մեր նախարարությունը միայն ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում»,- կատակեց նախարարը։

Աշտարակում նա ծանոթացել է քաղաքի մայր առվի վերանորոգման աշխատանքներին։

«Աշտարակի մայր առվի վերանորոգման աշխատանքները սկսվել են անցյալ տարի, և 2021 թվականի վերջին կավարտենք։ Սա մեր շինարարական աշխատանքների մի փոքր մասն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ցույց կտանք մեր ամբողջական աշխատանքը։ Այս տարի այն աննախադեպ քանակությամբ է լինելու՝ շուրջ 14 մլրդ դրամի»,- նշեց ՏԿԵ նախարարը։

Օշականում իրականացվում են մայր ջրանցքի շինարարական աշխատանքներ, որի նախագծային արժեքը 79 մլն դրամ է, ընդհանուր երկարությունը լինելու է 1400 մ։

Պապիկյանի խոսքով՝ Օշականի մայր ջրանցքի ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել 20 տարի։

Նախարարը հետևել է նաև Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Ուջան 1 ակվեդուկի՝ կամուրջ-ջրատարի շինարարական աշխատանքներին։

«Այստեղ հսկայական աշխատանք է տարվել նախորդ տարի, ընթացիկ տարում էլ կշարունակենք շինարարական աշխատանքները, որը կբարելավի մեր ջրային ցանցը։ Ակվեդուկի երկարությունը  70 մետր է, իսկ անցումային հատվածը՝ 10 մետր»,- նշեց Պապիկյանը։

Ընդհանուր առմամբ լոտի արժեքը կազմում է 372 մլն դրամ։ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի ջուրը Արզնի ՀԷԿ-ի ջրանցքից տեղափոխվում է Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ։

Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Ուջան 2 ակվեդուկի՝ կամուրջ-ջրատարի շինարարական աշխատանքները նույնպես ընթանում են մեծ թափով։

«Ստորին-Հրազդան ջրանցքի շինարարական աշխատանքների ծրագրի արժեքը կազմում է 99 մլն դրամ, կառուցվելու է շուրջ 2,8 կմ երկարությամբ հատված։ Այս ջրանցքը Հրազդան քաղաքի հետ կապ չունի, այլ նույնանուն գետի»,- նշեց Պապիկյանը։

Ստորին-Հրազդան ջրանցքի մոտ 1,4 կմ արդեն կառուցվել է, մյուս հատվածի աշխատանքները որոշ հացերից ելնելով կշարունակվեն նոյեմբեր ամսից և կավարտվեն դեկտեմբերի կեսերին։

Կատարվում են նաև Թալինի մայր ջրանցքի բաժանարարի վերանորոգման աշխատանքներ։ Ջրանցքի բաժանարարի երկարությունը 760 մ է, արժեքը՝ 44 մլն դրամ։ Տվյալ աշխատանքն ավարտին կհասցվի մոտ 10 օրից և ապրիլի սկզբին արդեն ջրագիծը շահագործման կհանձնվի։

Պապիկյանի վերջին կանգառը եղավ Թալինի մայր ջրանցքի մոտ, որի երկարությունը 1450 մ է, վերանորոգման արժեքը՝ 75 մլն դրամ։ Վերանորոգման աշխատանքները մինչև ապրիլի 10-ն ավարտին կհասցվեն։ Ջրանցքը բաղկացած է 5 հատվածից։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ