Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շահան Գանտահարյանը՝ տարածաշրջանում նկատվող միտումների մասին

Շահան Գանտահարյանը՝ տարածաշրջանում նկատվող միտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը տարածարջանային գործընթացների միտումները ընկալելու առումով որոշ ուղենիշեր է պարփակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

«Այս առումով դիտարժան է Թուրքիայի արտգործնախարարի գնահատականը այս հանդիպմանը: Նա ասել է, որ հանդիպման ընթացքում իր գործընկերոջ հետ վերահաստատել է ահաբեկչության բոլոր տեսակների, նախ և առաջ ՔԱԿ-ի դեմ պայքարելու եւ Սիրիայի հողային ամբողջականությունը պահպանելու իրենց փոխադարձ հասկացողությունը: Ըստ էության Չավուշօղլուն բանաձևել է Անկարա-Թեհրան-Մոսկվա առանցքի հիմնավորման մի կարևոր մասը։ Խոսելով քրդական վտանգի դեմ նա ընդգծում է այդ վտանգի ընդհանրությունը հարաբերակցաբար Իրանի։ Իրանը ևս զգայուն է իր տարածքում ապրող քրդերի միավորման և ռազմական միավորի ստեղծման հավանականության ուղղությամբ»,- նշեց  Գանտահարյանը։ 

Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքային ամբողջականության բաժնի ուղերձը ներառում է նաեւ Մոսկվային, որը հիմնական երաշխավորն է այդ ամբողջականության։ «Սիրիայի նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն և կանխատեսումները ուղղված են գործող նախագահի վերընտրությանը։ Դա նշանակում է Մոսկվայի երաշխավորության հոգատարության վերահաստատում։ Անկարան արդեն վաղուց չի խոսում Ասադի հեռացման մասին։ Ասադի պաշտոնավարման շարունակմանը  համաձայն է նաև Թեհրանը։ Սիրիայի ահաբեկիչներ հասկացությունը այստեղ միակողմանի իմաստ ունի։ Ահաբեկիչներ ասելով Անկարայի ներկայացուցիչը բացառապես նկատի է ունեցել քրդերին։Իր գործընկեր Զարիֆը իր հրապարակային գնահատականում չի բացել ահաբեկիչ հասկացության փակագիծը։ Իրանը շատ ավելի զգայուն լինելու պատճառներ ունի իսլամական ծայրահեղականների նկատմամբ, ովքեր շիա մուսուլմաններին նկատում են անհավատներ։  Հիմա դրա մասին չի բարձրաձայնում, ինչը վկայում է Անկարայի հետ ընդհանուր շահերի գերադասումն ու այլ առաջնահերթությունների ընդգծումը»,- ասաց  Շահան Գանտահարյանը։ 

Նա հավելեց, որ տարածաշրջանում գործընթացները գնում են արագ տեմպերով։ «Արաբական ծոցի երկրների հետ Թել Ավիվի համաձայնությունների շարքը դեռևս չի ավարտվել։ Այս շղթայի հյուսման գործում Կատարը, որն ստանձնել է կատալիզատորի դեր, իր արտաքին քաղաքականության վեկտորներին ներառել է ինչպես Անկարան այնպես նաև Թեհրանը»,- մանրամասնեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։  

Նրա գնահատմամբ՝ լիբանանյան քաղաքական շուկայում զգացվում է Մոսկվայի ակտիվացումը։ «Լավրովի հանդիպումները թե՛ Լիբանանի վարչապետի, և թե Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ խոսում է ռուսական միջնորդության մասին։ Դա առերևույթ խոսում է Թեհրանի մի քայլ հետ կանգնելու մասին։  Վաշինգտոնի լարվածությունը Չինաստանի եւ Մոսկվայի հետ նոր բարձրակետեր է գրանցում, ինչը երրորդ  աստիճան է  մղում Վաշինգտոն-Իրան լարվածության չափման միավորը։ Մշուշապատ են տարածաշրջանային գործընթացները։ Աշխարհակարգը, որ երկբևեռից անցում էր կատարել բազմաբևեռի, հիմա ավելի շուտ հատկանշվում է բևեռախառն իրավիճակով։  

Ռազմավարական առանցքների ձևավորման գործընթացներ են գնում շատ արագ։ Բազմառանցքային ռազմաքաղաքական դաշտերը իրար հակակշռելու գործողություններ են իրականացնում Չինաստանից մինչև Միջին Արևելք եւ Կովկաս։ Եվ այս առանցքային գոտիները ընկալվում են և համակարգվում փաթեթային տեսքերով։ Պատահական չէ, որ Անկարան մի քանի անգամ իր անդամակցած առանցքի աշխարհագրությունը ներկայացրեց Միջին Արևելքից մինչև Լիբիա և Կովկաս»,- եզրափակեց նա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]