Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունն ամփոփվել են մեծ գրողի բացառիկ հանրագիտարանում

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունն ամփոփվել են մեծ գրողի բացառիկ 
հանրագիտարանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հանրագիտարանում ամփոփվել է հեղինակի ամբողջ ստեղծագործական աշխարհը: Գրքում ներառվել են Թումանյանի գրականությանը, հասարակական և ստեղծագործական գործունեությանը վերաբերող պատմություններ, հիշողություններ և այլ արժեքավոր նյութեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ասաց, որ հանրագիտարանում ներառվել են դիմանկարներ, որոնց հեղինակները դասական նկարիչներ են:

«Գիրքը լույս է տեսել 2020 թվականի օգոստոսին: Այն պատրաստվել է երեք տարվա ընթացքում: Պետությունից ստացել ենք պատվեր, և մեզ են տրամադրել մոտ 16 մլն դրամ երեք տարվա կտրվածքով: Գիրքը տպագրելու համար աշխատել եմ ընդգրկել բոլոր մասնագետներին, Գրականության ինստիտուտին, ինստիտուտից դուրս գործող մասնագետների, գրողի թանգարանին, տուն-թանգարանին»,-նշեց նա:

Այվազյանի խոսքով՝ ցանկանում են նաև հայոց էպոսի հանրագիտարան պատրաստել, իսկ Ավետիք Իսահկյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, առաջարկել է նաև Ավետիք Իսահակյանի հանրագիտարան պատրաստել: Երբ ծանոթացել է Հովհաննես Թումանյանի հանրագիտարանին՝ նշել է, որ այն եվրոպական մակարդակի է:

Հովհաննես Այվազյանը կարևորեց թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի դերը հանրագիտարանի ստեղծման գործում՝ շեշտելով, որ վերջինս Թումանյանի մասին հսկայական գրականություն է գրել: Նրա հավաքած նյութը, գրականությունն օգտագործվել են հանրագիտարանում:

«Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիրը Թումանյանին հասարակական երևույթ է համարում, մարդու, որն ամեն ինչի պատրաստ էր հայրենիքի, հայ ժողովրդի, ընտանիքի, ընկերոջ համար:

Նա Թումանյանի հասարակական գործունեությունից մի քանի դրվագ հիշեց, որոնք ըստ Այվազյանի՝ այսօր պակասում են մեզ: «Եթե լիներ ամուր բռունցք ունեցող մեկը, որը կարողանար զսպել աջ և ձախ բողոքներ ներկայացնող մեր տարբեր խավերին, կարծում եմ՝ վաղուց արդեն որևէ հանգուցալուծման եկած կլինեինք: Այդպիսին էր ժամանակին Թումանյանը: Նա հարց լուծող չէր, բայց կարող էր հարցի լուծման ճանապարհ բացող լինել: Հիշենք 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումները. երբ բախումները սկիզբ էին առնում, Թումանյանը որոշեց գնալ Բորչալու, որտեղ ազգաբնակչությունը հայ-թաթարական էր: Նա կարծում էր՝ այդտեղ կարող են բախումներ լինել: Նա գնաց ոչ թե ժողովրդին զինելու, այլ խաղաղության պատրաստելու համար: Թումանյանը սպիտակ դրոշը բարձրացրած տարբեր գյուղերից մարդկանց խմբերի էր հավաքում, գնում թուրքերի բնակավայրեր: Այդպես Թումանյանն այդ հատվածում կարողացավ նվազագույնի հասցնել հայ-թաթարական բախումները»,- պատմեց Այվազյանը:

Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը խոստովանեց, որ ի սկզբանե չի պատկերացրել, որ հնարավոր է Թումանյանի մասին հանրագիտարան  ստեղծել երեք, հինգ կամ տասը տարում: «Ես չէի հավատում, որ անգամ համախմբելով մեր ամբողջ մտավոր ներուժը կարող ենք նման աշխատանք ստանալ: Այն համառությունը, որը դրսևորեց  հանրագիտարանի խմբագրությունը, բերեց հաջողության, բայց ես կարծում եմ, որ հետագայում երկու նման հատոր պետք է ունենանք, որովհետև Թումանյանն անսպառ է, իսկ սպառել անսպառելին, անհնար է»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Մասնագետի հավաստիացմամբ՝ Թումանյանի հանրագիտարանը երևույթ է դարձնում այն կարևոր հանգամանքը, որ յուրաքանչյուր ազգի, մշակույթի հարստությունը դրսևորվում է նրա մեծերի նկատմամբ ունեցած տվյալ ազգի վերաբերմունքով: «Մշակութային ասպարեզում որևէ անհատի, գործչի հանրագիտարանը չափազանց կարևոր է: Ռուսներն ունեն Լերմոնտովի հանրագիտարան, որն օրինակելի է, իսկ հայ իրականության մեջ որևէ անհատի հանրագիտարան չի եղել: Այս իմաստով այս աշխատանքը բացառիկ է: Հանրագիտարանն ունի երկու առաջաբան. մեկը ներկայացնում է բանաստեղծի հոգևոր կերպարը, նրա նկարագիրը, հոգեկան աշխարհը, գործունեությունը, մյուսը՝ նրա ստեղծագործությունը: Թե՛ իբրև մարդ, թե՛ իբրև ստեղծագործող Թումանյանը եզակի է մեր բազմադարյա մշակույթի ընթացքում: Օտարներն ասում էին. «Թումանյանը Հայաստանն է, Թումանյանը հայ ժողովուրդն է»: Այն, որ Թումանյանը մեր արյան բաղադրության մեջ է, որևէ կասած չի հարուցում»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Թումանյանագետը հավելեց, որ Թումանյանն այնտեղ էր, որտեղ ազգը դժվար ժամանակներ էր ապրում: Մասնագետի խոսքով՝ այնպես չէ, որ Թումանյանն այնքան միատմիտ է եղել, որ կարծեր, թե սպիտակ դրոշով կարելի էր հարցեր լուծել թաթարների, մեր անցյալի և այսօրվա հարևանների հետ: «Նրա դուստրերը տանը նստած կարում էին և՛ կարմիր, և՛ սպիտակ դրոշներ: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց եթե այդ խաղաղությանը դիամգրավում են զենքով ու զորքով, ապա ունենք նաև կարմիր դրոշ: Նա մեր ինքնության սյունն է»,- նշեց նա:

Թումանյանագետը հիշեցրեց՝ երբ Շուշիում կոտորածներ են եղել, մշակույթի միակ գործիչը, որը հավաքել է ամբողջ հայ մտավորականությանը Թիֆլիսում և հանրահավաք կազմակերպել՝ աշխարհին դիմելու համար, Թումանյանն էր, և այդ օրը նա ասել է, որ Ղարաբաղը երբեք չի՛ եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում ինչ ձև էլ, որ այն լինի՝ սոցիալիստական, կապիտալիստական. այն երբեք չի՛ լինի  Ադրբեջանի կազմում: Այն վաստակել է մայր երկրի կյանքով ապրելու իր իրավունքը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]