Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

«Չսեր». հոգեբանական դրամա՝ ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

«Չսեր». հոգեբանական դրամա՝ ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի հիման վրա բեմադրված «Չսեր» հոգեբանական դրաման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մարտի 20-21-ին: Բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Սա պատմություն է կոտրված հույսերի, զուր պատրանքների ու ցանկությունների, մարդկային բեկված ճակատագրերի և սիրո պակասի մասին:  Եվ եթե այս սարսափելի իրականության մեջ ինչ-որ մի նոր սիրո հույս է ծագում, գուցե տարօրինակ թվացող, բայց սիրո, այդ հույսն ու սերը սպանում են դաժանությամբ ու ատելությամբ:

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլյա Մուկուչյանը, Արմեն Արնաուտովը,  ՀՀ  վաստակավոր արտիստուհի Աննա Բալանդինան, Գոռ Համբարձումյանը, Մանվել Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Ալեքսանդր Հայրապետովը,  Ելենա Վարդանյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մարիամ Մանոն, Հայարփի Զուռնաչյանը, Թեհմինե Խաչատրյանը, Յուլյա Ժդանովան, Մելսիդա Հակոբյանը,  Գրիգոր Խոջոյանը։ Ներկայացման բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող, սցենարիստ և լրագրող է: Նա առաջին կոլումբիացին է, որը Նոբելյան մրցանակի է արժանացել գրականության ասպարեզում: Մարկեսին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը։

2014 թվականին Մարկեսը հեռացավ կյանքից, սակայն նրա ստեղծագործություններն ու դրանցում պարունակվող իմաստուն մտքերն առ այսօր շարունակում են ձեռքից ձեռք անցնել և գրավել նորանոր ընթերցողների սրտեր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]