Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հանրային ռազմավարական խոսույթների ձևավորման մշակութային գործառույթին

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հանրային ռազմավարական խոսույթների 
ձևավորման մշակութային գործառույթին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթը կրթության և հանրային կրթության անբաժանելի մաս է, և մշակույթի նշանակությունը հանրության ինտելեկտուալ մակարդակը շարունակաբար բարձրացնելն է: Այս մասին մարտի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընթացիկ և առաջիկա ծրագրերի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը նշել է, որ իր համոզմամբ՝ մշակույթը կամայական երկու քաղաքացու հարաբերությունների որակը բարձրացնելու միջոց է և հարթակ:

«Բայց նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակում ես ուզում եմ ընդգծել մշակույթի ևս մի կարևոր գործառույթ, որի մասին մենք, իհարկե, չենք մոռացել, բայց որի դերը, ցավոք, երկար ժամանակ թերագնահատվել է, և մենք պետք է ճիշտ գնահատենք դերը:

Խոսքը հանրային ռազմավարական խոսույթների ձևավորման և մշակման հարթակի մշակութային գործառույթի մասին է: Հիմա մենք, բնականաբար, շատ ենք մտածում, վերլուծում այն գործընթացները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի համատեքստում, և այս իրավիճակի խորը և լուրջ վերլուծությունը մեզ բերում է հետևյալ հակադրության - ես Ղարաբաղի հարցի օրինակը բերեցի, բայց կարող ենք խոսել ցանկացած ռազմավարական հարցի մասին - մշակութային հարթակներում ձևավորվում է որոշակի խոսույթ, որը դառնում է հանրային գիտակցություն: Եվ եթե մշակութային հարթակներում ձևավորված խոսույթը չի համապատասխանում այն բանակցային բովանակությանը, որն իրականության մեջ տեղի է ունենում, ճգնաժամը դառնում է անխուսափելի, որովհետև չկա և չի կարող լինել իշխանություն, կառավարություն, որը կարողանա, և, դա ճիշտ նպատակ էլ չէ, հակադրվել հանրային գիտակցությանը, որն առաջին հերթին մշակվում և ձևավորվում է մշակութային հարթակների վրա»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ պետք է այս հարցին շատ խորը և լուրջ ուշադրություն դարձնել, որովհետև հանրային, մշակութային հարթակները, բեմերը այն կարևոր, որոշ դեպքերում՝ կարևորագույն հարթակներն են, «որտեղ ձևավորվում են հանրության ռազմավարական ընկալումները, ձգտումները, և գործնականում իրականացվող քաղաքականությունը չպետք է և չի կարող հակասություն ունենալ այդ խոսույթի հետ»:

«Եթե այդտեղ կա շեղում, խզում, ճգնաժամն անխուսափելի է: Եվ մենք շատ դեպքերում հենց այս պրոբլեմի պատճառով է, որ չենք կարողանում հասնել իրական զարգացման. որովհետև մշակութային հարթակներում ձևավորվում է մեկ տիպի հանրային գիտակցություն և խոսույթ, իսկ իրական կյանքում և քաղաքականության մեջ, փակ դռների հետևում փորձ է արվում ձևավորել բոլորովին ուրիշ խոսույթ, որը, ի վերջո, հնարավոր չի լինի կյանքի կոչել, որովհետև հակասում է ձևավորված մշակութային հանրային խոսույթին:

Եթե վերցնենք համաշխարհային պատմությունը, կտեսնենք, որ այն իրականությունը, որը մենք ունենք, նախ ձևավորվել է գրքերում, պիեսների, վեպերի մեջ, հետո է դարձել իրականություն: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը: Նկատի ունեմ՝ քաղաքականություններն ընդհանրապես ձևավորվում են, այո՛, կառավարություններում, քաղաքական քննարկումների արդյունքում: Բայց շատ կարևոր է, թե նրանք ինչ կապ, ինչ հարաբերություն ունեն այն խոսույթների հետ, որ հանրությունը ձևավորում է մշակութային հարթակներում, որովհետև իրական մտածողությունը ձևավորվում է այստեղ, և մենք պետք է կարողանանք ապահովել կապն իրական քաղաքականության և մշակութային միջավայրում ձևավորվող խոսույթի և գաղափարների միջև: Այդ ազդեցությունը, բնականաբար, պետք է լինի փոխադարձ: Ես չեմ ասում, որ դոմինանտ պիտի լինի քաղաքական ասելիքը կամ մշակութային խոսույթը, ես ասում եմ, որ այստեղ պետք է լինի օրգանական կապ, որովհետև սա է կենսունակ քաղաքականությունը, որը հաշվի է առնում և՛ հանրային մտածողության առանձնահատկությունները, և՛ նաև այն քաղաքական իրողությունները, որոնք ձևավորվում են իրական հարաբերությունների միջավայրում»,- ասել է վարչապետ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]