Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նա հերկեց մեր գրական անդաստանը

Նա հերկեց մեր գրական անդաստանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանուկ Աբեղյան. ինչ է մեզ համար նա: Հայկական ավանդույթների մարմնացում, գիտնական՝ բառիս ամենախորին իմաստով: Անվախ, աննախապաշար, անկեղծ, վառ հայրենասեր՝ լի հավատով հայ ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ: Սկզբունքի մարդ՝ մեր ապառաժների պես կայուն: Մտքի եւ կամքի, աշխատանքի եւ գործի հսկա, պատկառելի ուսուցիչ, սերունդների անձնվեր դաստիարակիչ: Աբեղյանի շնորհիվ մեր ազգային եւ հոգեւոր միջավայրը լցված է իմաստությամբ եւ հեղինակությամբ, լրջությամբ ու վեհ նպատակների հետապնդումով…»:

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Հայագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, գրականագետ, արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակ: Բայց միայն նշյալ բնագավառները չէին, որոնց անգերազանցելի տիրակալն էր գիտական վիթխարի ժառանգության հսկան: Նա, որ ուսանել էր Յենայի, Լայպցիգի, Բեռլինի ու Փարիզի համալսարաններում, նաեւ անգերազանցելի Ուսուցիչ էր, որի ոտնահետքերով քայլելու էին տասնյակ ու տասնյակ գիտնական-ժառանգորդներ՝ հարստացնելով հայ մշակույթի, գիր ու գրականության գանձարանը:

Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թ., Նախիջեւանի Աստապատ գյուղում: Գրաճանաչ է դարձել յոթ տարեկան դառնալու առիթով հորից խնդրած եւ նրա գնած Այբբենարանով: Միաժամանակ դասեր է առել գյուղի գրագիրներից: Այնուհետեւ ուսանել է ծննդավայրի Կարմիր վանքի դպրոցում, ամիսներ անց՝ դարձել Վաղարշապատի Գեւորգյան ճեմարանի սան: Ավարտում է գերազանց գնահատականներով եւ արժանանում առաջնակարգ մրցանակագրի դիպլոմի: Դրան հաջորդում է ուսուցչական աշխատանքը Շուշիի թեմական դպրոցում: 1888 թ. Աբեղյանը, նախ ունկնդիրների փոքր շրջանում, ապա առավել լայն հասարակության առջեւ կարդում է «Սասնա ծռերի» իր գրառած նոր պատումը: Նույն թվականին Շուշիում լույս է տեսնում նրա «Նմուշներ» բանաստեղծական ժողովածուն, որի արձագանքները հեղինակին վերջնականապես համոզում են, որ ինքը մուսաների ընտրյալներց չէ, եւ ձեռք է քաշում դրանից: Այդպես է վարվում, քանզի նրան այլ առաքելություն էր վերապահված: Կարճ ժամանակ անց հայոց բերդաքաղաքում հրատարակվում է բանահավաքի «Դավիթ եւ Մհեր»՝ հայ ժողովրդական վեպի երկրորդ նշանավոր պատումը, որը գրի էր առել 1886-ին՝ Գեւորգյան ճեմարանի դռնապան, մոկացի Նահապետից՝ Նախո քեռուց: Սա նրա առաջին մասնագիտական հետազոտությունն էր այս բնագավառում: Վեպի այս նոր պատումն իր գեղարվեստական ու մշակութապատմական արժանիքներով գրավում է ժամանակի գիտական մտքի երեւելիների ուշադրությունը: Հետագայում ստեղծում է «Սասնա ծռերի» դասական տեսությունը: Հիրավի, վիթխարի է տիտանական աշխատասիրությամբ ու բազմակողմանի տաղանդով օժտված գիտնական-ակադեմիկոսի վաստակը: «Մանուկ Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե մեծ լեզվաբանը, թե մեծ գրականագետը, թե մեծ բանագետը՝ իրենց արանքում տեղ տալով նաեւ մեծ պատմաբանին եւ մեծագույն տաղաչափագետին,- գրել է Պարույր Սեւակը:- Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլեւ պարտավոր ենք հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր երախտավորների մեջ առայսօր նա է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառով ասած՝ կատարյալ դեմքը…»:

Մ. Աբեղյանն իր «Հայ վիպական բանահյուսություն» աշխատությամբ  նորովի է մեկնաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը: «Ժողովրդական խաղեր» «Հին գուսանական, ժողովրդական երգեր» մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել ժողովրդական երգերի ակունքները, դրանց զարգացումն ու ընթացքը: «Հայոց հին գրականության պատմություն» քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման» պատմության, գրական դեմքերի եւ դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին: 1910-ական թվականներից զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», «Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ» . «Հայոց լեզվի տաղաչափություն»):

Սկզբունքային նշանակություն ունեն գիտնականի լեզվաբանական-քերականական աշխատությունները՝ «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի շարահյուսություն», «Հայոց լեզվի տեսություն» աշխատություններում նա առաջինն է գիտականորեն համակարգել արեւելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երեւույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը: Նա է կազմել առաջին «Ռուս-հայերեն բառարանը», մասնակցել մի շարք տարաբնույթ բառարանների ստեղծման աշխատանքներին: Աբեղյանը նաեւ իր անուրանալի ներդրումն ունի գիտությունների ակադեմիայի ստեղծման գործում, որի ամենաերեւելի դեմքերից էր ինքը՝ մեծ գիտնականն ու հայ գրական-լեզվաբանական ու բանահյուսական մշակույթի հսկան: Նրա երիցս օրհնյալ ծննդյան օրվա առիթով այս հրապարակումն ամփոփենք իր՝ ազգապաշտ  «կատարյալ դեմքի» հետեւյալ խոսքերով. «Մենք ընդհանուր եվրոպական գրականության երկրպագուներ ենք, գիտենք գնահատել եվրոպական նշանավոր հեղինակների գրվածքները եւ նրանցով ոգեւորվել: Սիրում ենք ծանոթանալ օտարների կյանքին եւ սովորել օտար լեզուներ: Իսկ մե՞րը, մեր անցյա՞լը, մեր լեզու՞ն…Դրանք ավելորդ են, մի՞թե անգամ կարելի է դրանց մասին խոսք բաց անել…Ինքն իրեն արհամարհելը թե տգիտություն է եւ թե հոգու տկարության ապացույց…»:

Իսկ ինքը հզոր էր: Եվ իր գործն էր հզոր, իսկ նրա վախճանը 1944 թվականի սեպտեմբերի 25-ին եղել է ցնցող. «Նա ընկավ հսկա կաղնու նման, եւ ծանր լռություն տիրեց անտառում…»: Այդ օրը ժողովրդի հետ այսպես է հառաչել մեծանուն Դերենիկ Դեմիրճյանը…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]