Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Արտաշատի թատրոնն առաջիկայում բեմ կբարձրացնի «Զրույց շունի մը հետ» և մի շարք այլ ներկայացումներ  

Արտաշատի թատրոնն առաջիկայում բեմ կբարձրացնի «Զրույց շունի մը հետ» և մի շարք 
այլ ներկայացումներ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2021 թվականը մեկնարկել է բուռն ստեղծագործական գործունեությամբ: Թատրոնում առաջնախաղեր են պատրաստում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար: Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի առաջարկով էլ անդրադարձել են նաև մենաներկայացումներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կամո Նաղդալյանը տեղեկացնում է, որ մարտի 11-ին թատերասերներին են ներկայացրել Չեխովի «Ծխախոտի վնասների մասին» մոնոներկայացումը, որի ռեժիսորը Ռոբերտ Առաքելյանն է, իսկ դերակատարը՝ Վյաչեսլավ Հայրապետյանը: Այն խաղալու են նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում:

«Հանդիսատեսը բավականին լավ ընդունեց ներկայացումը: Մեր թատրոնում տասնյակ տարիներ մոնոներկայացումներ չեն բեմադրվել: Սա մեզ համար նորություն էր: Մի քիչ մտավախության կար, որ գուցե ինչ-որ բան այնպես չստացվի, բայց հաջողեցինք: Ներկայացումը  խաղացել ենք թատրոնի փոքր դահլիճում: Գաղափարն իմն էր, բայց ռեժիսորն արագ արձագանքեց: Արդյունքում ևս մեկ մենաներկայացում ենք պատրաստում»,- նշում է տնօրենը:

Ապրիլին նախատեսում են թատերասերներին  ներկայացնել Համաստեղի «Զրույց շունի մը հետ»  գործը, որը կրկին բեմադրել է Ռոբերտ Առաքելյանը, իսկ դերակատարը Անահիտ Բադալյանն է. այն ևս ներկայացվելու է «Արմմոնո»-ին: Նվիրվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ տնօրենի՝ թատրոնի խաղացանկը պետք է բազմաժանր լինի: Անդրադառնալով փոքրիկների համար նախատեսված տիկնիկային ներկայացումներին՝ Նաղդալյանն ընդգծում է, որ այժմ աշխատում են բեմ բարձրացնել «Կարմիր գլխարկը»: Երեխաները սիրով են դիտում նաև «Երեք խոզուկները» բեմադրությունը:

Ապրիլի սպասված առաջնախաղերից է Քեն Լյուդվիգի «Պրիմադոննաները» պիեսի հիման վրա բեմադրվող մեծահասակների համար ներկայացումը, որի ռեժիսորը  Երևանից հրավիրված Արմեն Մարգարյանն է:  Կատակերգության փորձերն ընթանում են: Տնօրենը համոզված է, որ նոր խոսք կլինի, ստացված ներկայացում:

Նաղդալյանը շեշտում է, որ Արմեն Մարգարյանը շատ աշխատասեր է, հրաշալի է  համագործակցում թատրոնի դերասանների հետ: «Ցանկանում ենք, որ դերասանները պարբերաբար աշխատեն տարբեր ռեժիսորների հետ, ինչը բարձրացնում է աշխատանքի որակը: Այդ ներկայացմամբ հանդես ենք գալու Երևանում և ՀՀ մարզերում: Կարծում ենք՝ այս դաժան օրերին կատակերգության միջոցով անհրաժեշտ է հասարակությանը մի փոքր  կտրել  ծանր առօրյայից: Առաջիկայում աշխատելու ենք նաև հրավիրյալ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի հետ:  Որոնումների փուլում ենք. դեռ չենք որոշել, թե որ պիեսն է նա բեմադրելու: Հնարավոր է՝ նաև հրավիրյալ դերասանների ներգրավենք: Վաստակաշատ արտիստ Բագրատ Գևորգյանն է սկսելու մի նոր ներկայացում, որի փակագծերը հետո կբացենք»,- հայտնում է Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ թատրոնում ստեղծագորական բուռն շրջան է: Տասը տավա ընթացքում նման բան դեռ չի եղել: Անընդհատ փորձեր են ընթանում, նոր ներկայացումներ նախապատրաստվում: «Դերասանները շատ զբաղված են: Ի պատիվ դերասանների՝ բնավ չեն դժգոհում, քանի որ բոլորը կարոտել էին այս գործընթացին: Դերասանը պետք է միշտ աշխատի և «մարզավիճակիՙ մեջ լինի: Ներկայացումները լավ են ընդունվում: Եռամսյակային  պլանը երկու ամսում կատարել ենք և գերազանցել: Կարծես թե հանդիսատեսը համավարակից, պատերազմից հետո առավել սիրով ու կարոտով է գալիս թատրոն: Դահլիճները լեփ-լեցուն են, ինչը մեզ ոգևորում է առավել լավ  աշխատել»,- եզրափակում է Կամո Նաղդալյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]