1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բնագրից հայերեն է թարգմանվել գերմանացի ականավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը

Բնագրից հայերեն է թարգմանվել գերմանացի ականավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի 
«Լիսաբոնի գիշերը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրիխ Մարիա Ռեմարկի գրականության երկրպագուները այսուհետ կարող են հայերենով ընթերցել սիրված հեղինակի «Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են 1942 թվականին Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, շնորհանդեսը տեղի ունեցավ Թումանյան 38 հասցեի  «Նաիրի» նորաբաց  գրախանութում:

«Ռեմարկը կորուսյալ սերնդի ներկայացուցիչներից է: Նա գրել է Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների և մարդու՝ պատերազմից ձեռք բերած փորձառության մասին: Ռեմարկն անձամբ մասնակցել է երկու պատերազմին էլ, ուստի նրա ներկայացրած պատկերները, տեսարաններն ապրված են, զգացմունքային, ինչը մեծացնում է հեղինակի յուրաքանչյուր գրքի կշիռը, արժեքը»,-նշում է գրքի թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանը:

Նրա խոսքով՝ Ռեմարկը, ի տարբերություն իր սերնդի այլ ներկայացուցիչների, տարբերվող ձեռագիր ունի: Բաղմանյանը Ռեմարկի յուրահատկությունն իրատեսությունն է համարում: «Նրա գրքերում չկա չափազանցություն կամ հակառակը: Ամեն բան բնական է. երբևէ ընթերցողն անհարմար իրավիճակում չի հայտնվում, քանի որ գործ ունի անկեղծ հեղինակի հետ: Հույս ունեմ, որ մարդիկ թարգմանությունը կարդալիս կզգան այն, ինչ ես եմ զգում բնագիրն ընթերցելիս»,-շեշտում է թարգմանչուհին ու հավելում, որ «Լիսաբոնի գիշերը» Ռեմարկի վեցերորդ գործն է, որն ինքը թարգմանում է, ուստի աշխատանքը բավականին դյուրին է եղել:

«Էդիթ Պրինտ»-ի վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը պատմում է՝ դեռ տարիներ առաջ են Ռեմարկի գործերը բնագրից հայերեն թարգմանելու որոշում կայացրել: ««Հաղթական կամար», «Երեք ընկեր»: Այս ստեղծագործություններն առավել  հայտնի են հանրության լայն շրջանակին, քանի որ խորհրդային տարիներին շատ տարածված էին, այնինչ Էրիխ Մարիա Ռեմարկի նկատմամբ հետաքրքրությունը միշտ է մեծ: Նա պատերազմի գրող է համարվում, քանի որ անդրադառնում է այդ արհավիրքին, մարդկային խեղված ճակատագրերին: Ավաղ, մեր երկրում այդ թեմաները մշտապես ակտուալ են: Նա հեղինակ է, որի գրական ժառանգությունն ամբողջությամբ պետք է բնագրից հայերեն ներկայացվի»,-շեշտում է Սամվելյանը՝ կարևորելով թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանի դերակատարությունն այդ հարցում:

«Էդիթ պրինտ»-ը մինչ օրս հայերենով է ներկայացրել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Երկինքն ընտրյալներ չունի», «Սև կոթողը», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքերը:

1942 թվական: Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին: Նա գերմանացի էմիգրանտ էր: Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որն սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում ադ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում:

Ռեմարկի վեպը, որ լույս է տեսել 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է էմիգրանտների դժխեմ ճակատագրի, իսկ սերն ու մահը գոյության պարտադիր ուղեկիցներն են:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]