Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կանանց պետք է գնահատել ամեն օր. ստեղծագորող կանայք շնորհավորում են Մարտի 8-ը

Կանանց պետք է գնահատել ամեն օր. ստեղծագորող կանայք շնորհավորում են Մարտի 
8-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց նվիրված յուրաքանչյուր տոն մեր կյանքում, առօրյայում, հասարակությունում գեղեցիկ սեռի դերն ու նշանակությունն ընդգծելու, նրանց մեծարելու, սեր խոստովանելու առիթ է ընձեռում: Իսկ կանայք քմահաճ են. ոմանք սիրում են ծաղիկներ, օծանելիք, գումար կամ այլ նվերներ ստանալ, ոմանք էլ անսպասելի անակնկալների երկրպագուներ են:

Մարտի 8-ի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի և կինոյի տարբեր սերունդների դերասանուհիների հետ՝ փորձելով պարզել, թե ինչպես են նրանք վերաբերվում տոնին և որոնք են կանանց նախընտրած նվերները:

Ըստ Մայր թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի՝ մարտի 8-ը և՛ նվերների, և՛ այլ դրսևորումների միջոցով առանձնահատուկ շեշտադրվում է կանանց նշանակությունը, կարևորությունը: Տղամարդիկ իրենց սերն առավել ջերմ ու տեսանելի են արտահայտում այդ օրը:

«Պետք է նշեմ, որ և՛ իմ հայրական ընտանիքում, և՛ իմ կազմած ընտանիքում, և՛ ընկերներիս միջավայրում կանանց նկատմամբ խտրականություն չեմ զգում: Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ մեր հասարակությունում տղամարդը դոմինանտ դեր ունի, և ես դրա դեմ չեմ կռվում»,-նշում է Խերանյանը:

Դերասանուհին չի սիրում ծաղիկներ նվեր ստանալ, քանի որ ծաղիկները խնամք ու հոգատարություն են պահանջում, իսկ Խերանյանը ժամանակի սղության պատճառով չի կարողանում պատշաճ ուշադրության արժանացնել ծաղիկներին և ցավ է ապրում գեղեցիկն անտեսելու համար: «Ըստ էության՝ ցանկացած նվեր հաճելի է: Սիրում եմ, երբ մարդիկ նվիրում են այնպիսի բան, ինչն ինձ հետ կապ ունի: Երբեմն խիստ նեղանում եմ, երբ նվիրում են ինչ-որ բան, որն իմ տեսակի, բնույթի հետ ոչ մի առնչություն չունի: Զայրանում եմ, որ ինձ չեն ճանաչում»,-ասում է դերասանուհին:

Խերանյանը փաստում է՝ ամուսինը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը,  հստակ գիտի, թե ինչ է անհրաժեշտ  դերասանուհուն:  «Ինձ համար յուրահատուկ են նաև աղջիկներիս նվերները. երբ երեխա էին, իրենց փոքրիկ թաթիկներով բացիկներ էին պատրաստում, նվիրում: Դրանք ամենաթանկ նվերներն են, որոնք երբևէ ստացել եմ, աշխարհի ամենալավ նվերներն են, որոնք պահպանում եմ մինչ օրս»,-ընդգծում է Նելլի Խերանյանը՝ շնորհավորելով բոլոր կանանց:

Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը կարծում է՝ մարդկությունը հնարել է տոները, որպեսզի հետաքրքիր, ուրախ ու զվարթ կյանքով ապրի: «Ինձ համար Մարտի 8-ը կարևորագույն տոներից չէ, բայց գեղեցիկ տոն է: Կանայք շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել, և այդ տոնն ասես կանանց քմահաճույքները բավարարելու  առիթ է ստեղծում»,-նշում է նա:

Անկախ տոներից՝ Լիդիա Գրիգորյանը սիրում է նվերներ տալ և ստանալ, անակնկալներ մատուցել: Դերասանուհու խոսքով՝ հաճելի կլինի, եթե կանայք, մայրերը ոչ միայն տոների առթիվ ուշադրության կենտրոնում լինեն, այլև առհասարակ: Գրիգորյանի համար ցանկացած անակնկալ հետաքրքրացնում է կյանքը, այդ պահը: Գումար ստանալու դեպքում այն կարող է ծախսել ինչ-որ բանի վրա և հիշատակ չի մնա: Գրիգորյանի ամուսինը՝ դերասան Գագիկ Մկրտչյանը, հնարավոր է՝ տոներին ոչինչ չնվիրի կնոջը, բայց օրեր անց կամ մինչ տոնն անսպասելի ու գեղեցիկ անակնկալներ է մատուցում Լիդիային: Որդին՝ Էդուարդ Մկրտչյանը, որն արդեն դպրոցական է, մայրիկին շնորհավորում է ծաղկազարդ ու գունազարդ բացիկներով, որոնք Գրիգորյանը լավագույն նվերն է համարում:

Թատրոնի և կինոյի դերասանուհի Տիրուհի Հակոբյանն անտարբեր չէ տոների նկատմամբ:

Նա նշում է՝ Մարտի  8-ին ևս մեկ անգամ արժևորվում է, գնահատվում կանանց, մայրերի, քույրերի, գեղեցկության դերը հասարակությունում: «Ըստ իս՝ յուրաքանչյուր օր կարելի է տոն դարձնել: Այո՛, եթե ինչ-որ բան ես դիմացինիդ նվիրում, պետք է դա անել անկեղծ, սիրով, ոչ թե ըստ սովորույթի, ավանդույթի կամ ձևի:  Հիշում եմ՝ մի տարի Ապրիլի 7-ին իմ ներկայացման պրեմիերան էր: Այ հենց դա ինձ համար լավագույն նվերն էր: Կառանձնացնեմ նաև թիթեռնիկներով թևնոցը, որը տարիներ առաջ ինձ նվիրեց արդեն ներկայիս ամուսինս: Մարդիկ, որոնք ինձ լավ են ճանաչում, գիտեն, որ թիթեռնիկներ շատ եմ սիրում: Գեղեցիկ ու տպավորիչ էր այդ պահը: Սիրում եմ  նաև ծաղիկներ նվիրել և ստանալ, քանի որ ծաղիկները գեղեցկության  խորհրդանիշ են: Փորձում եմ անհրաժեշտ նվերներ նվիրել: Նախապես տեղեկանում եմ կամ մտապահում, թե այս կամ այն հարազատս ինչ էր ցանկանում ձեռք բերել և նվիրում եմ հենց այն, ինչ ուզում էր»,-շեշտում է Հակոբյանը:

Մարտի 8-ի առթիվ շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին՝ երիտասարդ դերասանուհին նրանց մաղթում է կանացի երջանկություն, առողջություն և աստվածային խաղաղության: Նա պատահական չի համարում այն, որ Մարտի 8-ն անմիջական կապ ունի Տիրամոր բարի լուրի հետ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]