Պատմության հետագծով
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1983 թ. մարտի 6-ին ծնվել է Անդրանիկ Թեյմուրյանը՝ իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստ։
-1905 թ. մարտի 6-ին մահացել է Մակար Եկմալյանը՝ հայ կոմպոզիտոր, խմբավար եւ մանկավարժ։ Մակար Եկմալյանն իր ստեղծագործությամբ ու մանկավարժական գործունեությամբ մեծապես նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձեւավորմանը. մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողություն) բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի եւ ռոմանսի ժանրերը։
-1927 թ. մարտի 6-ին ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ կոլումբիացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ եւ լրագրող: Լատինական Ամերիկայում հայտնի է նաեւ Գաբո անունով։ Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ եւ իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թ. արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982-ին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։
-1853 թ. մարտի 6-ին Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։
-1902 թ. մարտի 6-ին հիմնադրվեց իսպանական աշխարհահռչակ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը։
-1964 թ. մարտի 6-ին տեղի ունեցավ «ՄԻԳ-25» ինքնաթիռի առաջին թռիչքը։
-1926 թ. մարտի 6-ին Երեւանում հիմնադրվեց կարի առաջին ֆաբրիկան:
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Մկնիկի կաթը ամենաթանկ կաթն է աշխարհում: Դրա արժեքը գերազանցում է 22 հազար դոլարը մեկ լիտրի համար: Մեկ լիտր այդպիսի կաթ ստանալու համար անհրաժեշտ է կթել մոտ 4000 մկների: Մկնիկի կաթը օգտագործվում է բժշկության մեջ:
-Մկների կաթում սինթեզում են մարդու սպիտակուցը՝ լակտոֆերինը, որն օգտագործվում է եզակի դեղաբանական պատրաստուկների արտադրության մեջ:
-Մկների կաթ պարունակող դեղամիջոցները բարելավում են արյան փոխներարկումից հետո արյունաստեղծման գործընթացը:
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում