Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)». ԵՊՀ-ն մագիստրոսական նոր ծրագիր կունենա

«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)». ԵՊՀ-ն մագիստրոսական նոր 
ծրագիր կունենա

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի պետական համալսարանի  եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ուսանելու «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական ծրագրով:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ամբիոնի վարիչ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզան Ղազարյանը:

Նա տեղեկացրեց, որ մագիստրոսական ծրագրի հավատարմագրումն արդեն ստացել են: «Սա միջֆակուլտետային ծրագիր է: Համագործակցում ենք ԵՊՀ Աստվածաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Իրավագիտության ֆակուլտետների հետ: Կարծում ենք՝ մեր ծրագրերն իսկապես հետաքրքիր են, շատ բովանդակալից ու նման չեն այլ բուհերի մագիստրոսական ծրագրերին»,-շեշտեց Ղազարյանը:

Անդրադառնալով ամբիոնի հիմնադրմանն ու գործունեությանը՝ նա նշեց, որ այն ստեղծվել է 2009 թվականին: Ամբիոնում գործում է երկաստիճան կրթական համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա: «Բակալավրի կրթական ծրագրի տևողությունը չորս տարի է: Առաջին և երկրորդ կուրսերում՝ չորս կիսամյակ, ուսանողները հենքային գիտելիքներ են ստանում անգլերենից, մայրենի լեզվից, երկրորդ օտար լեզվից և այլ մասնագիտական առարկաներից: Երկրորդ կուրսն ավարտելուց հետո ուսանողն ունի հնարավորություն երրորդ  կուրսի առաջին կիսամյակից ըստ իր նախասիրությունների ընտրելու, թե ինչ ուղղությամբ է շարունակելու իր կրթությունը: Խոսքը «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» և «Վարչագործարարական թարգմանություն» դիֆերենցված բակալավրիատի ծրագրերի մասին է, որի արդյունքում բակալավրիատն ավարտելուց հետո ուսանողը հնարավորություն է ստանում շարունակել ուսումը մագիստրատուրայում համապատասխան մասնագիտացումներով»,-պատմեց  Ղազարյանը:

Նրա հավաստիացմամբ՝ թարգմանությունը որպես այդպիսին կարևոր դերակատարում ունի ադմինիստրատիվ-վարչական ոլորտում: Այն ներառում է դատական, դատաիրավական, նոտարական, դատաբժշկական, տնտեսագիտական փաստաթղթային մասը: Ուսանողը ձեռք է բերում  բանավոր, գրավոր հմտություններ, տիրապետում տվյալ ոլորտի մասնագիտական բառապաշարին:

«ՀՀ զբոսաշրջությունը հատուկ ուշադրության ներքո գտնվող ոլորտ է, և դրա զարգացումն ու խթանումը կարևորագույն տեղ են զբաղեցնում ՀՀ մշակութային և տնտեսական զարգացման ռազմավարության մեջ։ Այս պայմաններում հատկապես կարևորվում է զբոսաշրջային գործին և հուշարձանագիտությանը տիրապետող թարգմանիչների պատրաստումը, որին էլ միտված է սույն ծրագիրը: Առաջարկվող մագիստրոսական ծրագրի շրջանակներում պատրաստված որակյալ թարգմանիչներն իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով էապես կխթանեն զբոսաշրջության հետագա զարգացումը Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծեց ամբիոնի վարիչը:

Երկու տարի առաջ մտածել են՝ ժամանակն է, որ լեզվաբանությունը որպես առանձին ճյուղ միավորվի այլ գիտությունների՝ տվյալ դեպքում իրավագիտության, տնտեսագիտության հետ և ստեղծվել է «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագիրը, որը մեծ պահանջարկ ունի ուսանողների շրջանում: Այն միջֆակուլտետային ծրագիր է, որի միջոցով ուսանողները ծանոթանում են իրավաբանության, տնտեսագիտության հիմունքներին: Գործում է նաև «Թարգմանչական գործ» մագիստրոսական ծրագիրը, որը ներառում է գեղարվեստական, գիտատեխնիկական և տեխնիկական, սինխրոն (համաժամանակյա և հետևողական), մամուլի և այլ ոլորտի թարգմանություններ:

Ռուզան Ղազարյանի խոսքով՝ մեր իրականության մեջ, հատկապես 21-րդ դարի նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, թարգմանական ոլորտն ամենամեծ պահանջարկն ունեցող և արդիական բնագավառներից է, առանց որի դժվար է պատկերացնել միջմշակութային և գործնական որևէ հաղորդակցություն:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]