Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՀԿ ղեկավարն անհասկանալի է համարում ԲԴԽ նախագահի հետ կապված խնդրի պատճառով ԱԺ-ում դատավոր չընտրելը

ԼՀԿ ղեկավարն անհասկանալի է համարում ԲԴԽ նախագահի հետ կապված խնդրի 
պատճառով ԱԺ-ում դատավոր չընտրելը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աբսուրդ է համարում ԱԺ-ում մի քանի օր ռեսուրս ծախելը և վերջում «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին չընտրելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին նշեց ԱԺ ճեպազրույցում:

«Պատկերացնո՞ւմ եք ինչ ռեսուրս է ծախսում օրենսդիր իշխանությունը, հանրային ամբողջ ուշադրությունը զբաղեցնում մի թեմայի վրա, և վերջում Վճռաբեկ դատարանի որևէ դատավոր չի ընտրվում՝ ուղղակի բոյկոտի պատճառով: Ինձ համար անհասկանալի է, եթե անգամ քաղաքական մեծամասնությունը ԲԴԽ նախագահի հետ կապված խնդիր ունի, դրանից հետո չընտրել մասնագետ դատավորների թեկնածուներին, որոնք ընդհանրապես որևէ խնդրի հետ կապ չունեին: Ուղղակի աբսուրդ է: Վատնված ռեսուրս, վատնված շանսեր մի երկրում, որը ոչ մի ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չպետք է թույլ տա»,-ասաց Մարուքյանը:

Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իր «հերոսը չի եղել»:

Ըստ Մարուքյանի՝ ամբողջ աշխարհում կա մի հետաքրքիր ցուցիչ՝ եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել: Ըստ նրա ՝այսպիսով իշխանական պատգամավորներն իրենց պահվածով ուղերձ են տվել միջազգային կառույցներին, որ դատական իշխանությունը լավ է աշխատում, այսինքն՝ անկախ է գործադիրից:

Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, որ կապ են տեսնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի միջև՝ Մարուքյանը նկատեց, որ դա ակնհայտ է, նրանք հրապարակային հայտարարել են, որ հարաբերություններ ունեն, ընկերներ են: Սակայն ԼՀԿ ղեկավարը նշեց, որ երբ Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ, իշխանությունն այդ կապի մասին իմացել է, նոր չպիտի այդ կապը տեսնեն:

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ մարտի 4-ին չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր:  Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:  Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանք կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլ  տեղի կունենա, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]